Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան։
Խոսվել է թուրքական դեղերի շուկայի բացումից, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղերի գները Վրաստանում։
Ընդգծվել է, որ տարածաշրջանային առկա նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության, կայուն զարգացման և վստահելի գործընկերության վառ օրինակ են, որոնք կհանգեցնեն տնտեսական առավել անկախության, անվտանգության և կայունության։
Ղարիբաշվիլին նշել է, որ հարևան երկրների հետ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը անվտանգության, կայունության և կայուն զարգացման ճանապարհն է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացմանն ուղղված հետագա քայլերին։
Նշվել է, որ համատեղ ջանքերը մեծ նշանակություն ունեն համավարակի մարտահրավերների հաղթահարման գործում, և համավարակի դեմ Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը կմնա օրակարգում։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։ Կառավարության ղեկավարն ընդգծել է դեսպանի նշանակալի ներդրումը երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։