Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Նշվել է, որ Վրաստանի անկախության ձեռքբերումից ի վեր Թուրքիան եղել է Վրաստանի ամենավստահելի բարեկամներից մեկը։ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և կարևոր է էլ ավելի խորացնել առկա համագործակցությունը։
«Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Թուրքիայի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը։ Այս նպատակին է ծառայում վարչապետի «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որը նախատեսում է Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երեք երկրների մասնակցությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան նկրտումներին ցուցաբերած անսասան աջակցության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկության՝ Սուլեյման Սոյլուն Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջերմ ողջույնը։
Կառավարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը և Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։