Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը և ինտեգրմանն ուղղված քայլերը։
Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, որին աջակցում է բնակչության ճնշող մեծամասնությունը, Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթ խնդիրն է։
Նշվել է, որ Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և կարևոր է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշում պատրաստելը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է սևծովյան անվտանգության հարցերում ՆԱՏՕ-Վրաստան գործնական համագործակցությունը և հատկապես ընդգծվել է Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությունը ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում։
Վարչապետ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և նրա դաշնակիցներին Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
Հանդիպումից հետո Վրաստանի վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարություններով։
«2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում դաշնակիցները որոշեցին, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ։ Այն ժամանակ դա շատ ուժեղ ուղերձ էր և արդիական է մնում այսօր: Այդ իսկ պատճառով մենք ջանասիրաբար աշխատում ենք 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշման գործնական իրականացման ուղղությամբ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի ներքին բարեփոխումները և տարեկան ազգային ծրագրի իրականացումը։
«Կենսական է, որ մենք շարունակենք աշխատել դատաիրավական բարեփոխումների, ԶԼՄ-ների ազատության և անվտանգության ոլորտում հաշվետվողականության ուղղությամբ: Մենք ձեզ կոչ ենք անում աշխատել ընդդիմության հետ՝ լուծելու քաղաքական տարաձայնությունները և նվազեցնելու բևեռացման հռետորաբանությունն ու գործունեությունը», — ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը կամրապնդի ժողովրդավարական չափանիշները և աջակցում է եվրաատլանտյան ինտեգրման նրա ազատ ընտրությանը։
Յենս Ստոլտենբերգը համատեղ ճեպազրույցում վերահաստատել է ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կոչ է արել Ռուսաստանին հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր