
Այցով Նյու Յորքում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնասիո Կասիսին։
Ավելի ուշ երկու առաջնորդները սոցիալական ցանցերում անդրադարձել են հանդիպմանը։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ես արդյունավետ հանդիպում ունեցա Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնասիո Կասիսի հետ։ Հանդիպման ընթացքում մենք կենտրոնացել ենք ակտիվ հարաբերությունների միջոցով ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման վրա: Մենք կօգտագործենք նոր հնարավորությունները՝ մեր տնտեսական համագործակցության ողջ ներուժով»,- գրել է վարչապետը Twitter-ի իր պաշտոնական էջում։
Իգնասիո Կասիսը իր գրառման մեջ նշում է, որ քննարկված հիմնական հարցերից էին Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում ընթացող պատերազմը, եվրոպական անվտանգությունը և էներգետիկ ճգնաժամը։ Նա նաև ընդգծել է Շվեյցարիայի դերը Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։
Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում։