Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին։ Վարչապետների միջև դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումից հետո բանակցություններն ընթացել են ընդլայնված կազմով։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Բելգիայի Թագավորության միջև երկկողմ սերտ գործընկերային հարաբերությունները։
«Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, ներդրումային, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները», — նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակի տրամադրման կարևորությունը: Վարչապետի խոսքով, Վրաստանն արժանի է ԵՄ թեկնածուի կարգավիճակին, որը կօգնի նվազեցնել բևեռացումը երկրում։
«Բելգիայի Թագավորության վարչապետի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, երկկողմ հարաբերությունները և աջակցությունը Վրաստանի եվրոպական ձգտումներին», — Twitter-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։