Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ մասնակցում է Մյունխենի համաժողովին․ լուսանկարներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին։ 

Համաժողովի բացումը կայացել է փետրվարի 18-ին, որին վարչապետի հետ միասին ներկա է գտնվել նաև արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովը բացել է համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսը, ով ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ ներկայիս ճգնաժամի համատեքստում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Անալինա Բերբոքը խոսել են գլոբալ մարտահրավերների մասին։

Վրաստանի վարչապետը և փոխվարչապետը համաժողովի շրջանակներում հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել տարբեր հարցեր։

«Շատ լավ հնարավորություն ունեցա խոսելու ապագա գործընկերությունների զարգացման մասին FTX Crypto Derivatives Exchange-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սամ Բանկման Փրիդի հետ։ Վրաստանի դիրքը, մեր երկրում առկա կայուն և բարենպաստ միջավայրը շատ լավ հարթակ է ստեղծում կրիպտոարժույթների և կրիպտոբորսայի ընդլայնման համար մեր տարածաշրջանում և արտերկրում»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին թվիթերյան իր էջում։

Ղարիբաշվիլին այսօր հանդիպում է ունեցել նաև Բուլղարիայի վարչապետի հետ, շնորհակալություն հայտնել՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-20 անցկացվող Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու հրավերը Ղարիբաշվիլին ստացել էր համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերից։

Նշենք, որ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կարևորել էր Վրաստանի մասնակցությունը համաժողովին՝ ասելով, թե Վրաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում, որտեղ «մենք այդ ծանր հետևանքները կրել ենք 2008 թվականի պատերազմի հետևանքով»։