Սեպտեմբերի 29-ին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ղարիբաշվիլի — Ալիևի դեմ առ դեմ հանդիպմանը կարևորվել է երկուստեք ռազմավարական համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, ինչպես նաև ինտենսիվ առևտրատնտեսական համագործակցության խորացումը։
«Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Շարունակում ենք երկստեք ակտիվ քաղաքականությունը, այսօր սերտորեն աշխատում ենք նաև տարածաշրջանային քաղաքականության շուրջ: Մեր հարաբերությունները շահավետ են ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ողջ տարածաշրջանի զարգացման համար», — ողջունելով Վրաստանի վարչապետին՝ ասել է Ալիևը:
Նա կարևորել է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, բնական գազի և նավթի փոխադրումների աճող վիճակագրությունը, ինչպես նաև արդեն իրականացված համատեղ նախագծերը:
Իր հերթին Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, նշել է․ «Սա շատ լավ առիթ է՝ քննարկելու մեր օրինակելի հարաբերությունները: Ինչպես արդեն նշեցիք, մենք ընկերներ ենք, եղբայր ազգեր: Այսօր Տնտեսական հանձնաժողովի 8-րդ նիստում կքննարկենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք այսօր էլ ակտիվորեն զարգանում են: Վրաստանն, իհարկե, շահագրգռված է ամրապնդել քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը: Մեր հետաքրքրությունները վերաբերում են նաև տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչը կապահովի հզոր տնտեսական զարգացում»: