Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բելգիայում ելույթ է ունեցել «Եվրոպալիա» մշակույթի փառատոնին և Վրաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։
Վարչապետն ընդգծել է, որ Քվևրիում գինի պատրաստելու հնագույն ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է աշխարհի ոչ նյութական մշակութային հուշարձան։
«Խոսելով Վրաստանի եվրոպական ինքնության մասին, ես չեմ կարող անտեսել, թերևս, բոլոր մյուս եվրոպացիների հետ մեր մերձեցման կարևորագույն տարրերից մեկը՝ գինին։ Ես սա ասում եմ զգուշությամբ, քանի որ գիտակցում եմ, որ մենք այժմ մի երկրում ենք, որն արվեստի մակարդակի է հասցրել գարեջուրը, ոչ թե գինին։ Վրաստանը համարվում է գինու հայրենիքը։ Վրաստանի տարածքում հայտնաբերվել է ութհազարամյա գինու արտադրության ամենահին հետքերից մեկը։ Քվևրիում գինու պատրաստման հնագույն ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է աշխարհի ոչ նյութական մշակութային հուշարձան»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։