Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Ղարիբաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Շնորհավորում եմ Վրաստանի մեծ բարեկամ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզիչ հաղթանակի և Թուրքիայի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Թուրք ժողովուրդն ասել է իր խոսքը, և մենք միանում ենք նրանց տոնակատարությանը: Մենք պատրաստ ենք էլ ավելի ամրապնդել Վրաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը»։
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն «ԿԸՀ»-ի նախնական տվյալներով, որոնք հիմնված են քվեատուփերի 75%-ի հաշվարկի վրա, գործող նախագահ Էրդողանը 53,41%-ով առաջատարն է։ Նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ունի 46,59%։
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ նշանակվել է այն բանից հետո, երբ թեկնածուներից ոչ մեկին մայիսի 14-ի ընտրություններում չի հաջողվել հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50%-ից ավելին։