Ղարաբաղյան պատերազմը վրացական սոցցանցերում. Ի՞նչ են գրում օգտատերերը

Սեպտեմբերի 27-ից ի վեր երկու հարևանների միջև պատերազմը նախընտրական Վրաստանի սոցցանցերում օգտատերերին շեղել է երկրի ներքաղաքական խնդիրներից, կորոնավիրուսի ռեկորդային բարձր տվյալներից ու առօրյայից: Օրակարգում մի հարց է. «Ո՞ւմն է Ղարաբաղը»: Բազմաթիվ մանիպուլյացիաներով լցված վրացական խմբերում ու անձնական էջերում առանց երկար փնտրելու կգտնեք հայատյաց  մեկնաբանություններ, հայհոյանքներ, «հավաստի փաստեր Բաղրամյանի գումարտակի մասին» ու այն մասին, որ Վրաստանը «որևէ հիմք չունի Հայաստանին պաշտպանելու, որովհետև պարզից էլ պարզ է՝ ով է Վրաստանի ընկերը»: Ալիք մեդիան ուսումնասիրել է սոցիալական ցանցերում երկու խոշոր էթնիկ խմբերի՝ հայերի ու ադրբեջանցիների, ինչպես նաև վրացիների արձագանքը, առանձնացրել ենք մի քանի ուղղություն.

Միացյալ ազգային շարժում կուսակցության աջակիցներն ու մառնեուլիաբնակ ադրբեջանցիները

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սկանդալային գրառումից հետո հատկապես «երկարեց» վերջինի հիմնադրած ՄԱՇ կուսակցության անդամների ու աջակիցների լեզուն: Փորձագետների կարծիքով, Սաակաշվիլիի նպատակը հենց նախընտրական քարոզարշավում էթնիկ հողի վրա խտրականություն դնելն էր: Ողջ դրույքը կատարելով Մառնեուլիի վրա, ՄԱՇ-ը Վրաստանում մի փոքր այլ իրականության հիմք դրեց:

Ներկայացնում ենք մի հատված ՄԱՇ-ին աջակցող Դավիդ Նեբիերիձեի ֆեյսբուքյան գրառումից, ուր մինչ այս պահը շարունակում են ակտիվորեն հայատյացություն տարածել օգտատերերը:

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը մեր թշնամին է, միակ բանն ինչ ապահովում է մեր բարիդրացիական հարաբերությունները, երկու ազգերի բազմադարյա բարեկամությունն է: Ի դեպ այս բազմադարյա պատմությունը մատնաշնում է, որ ցանկացած դեպքում ձեզ օգնող առաջինը հենց մենք ենք եղել: Դրա ակնհայտ օրինակներից մեկը Սպիտակի երկրաշարժի մեր ցուցաբերած օգնությունն է: Ի՞նչ ենք ստացել դրա փոխարեն: Առաջին հանրապետության ժամանակ հայկական օկուպացիա ու միջամտություն: Կարծում եք մոռացե՞լ ենք Բաղրամյանի գումարտակի վայրագությունները Աբխազիայում: Չենք մոռացել, որ  Ղարաբաղի բնակչությունը ճանաչում է Աբխազիայի ու Սամաչաբլոյի (Հարավային Օսիա) անկախությունը: Չենք մոռացել, որ վերջին 30 տարիների ընթացքում դուք աջակցում եք Ռուսաստանի ներկայացրած բանաձևերը: Երբեք չեք աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Միայն այն պատճառով, որ Վրաստանն է ձեր միակ ճանապարհը դեպի քաղաքակրթություն, դուք չեք պառկել Ռուսաստանի տակ ու չեք ընդունել օկուպացված տարածքների անկախությունը»:

Առիթից շտապել են օգտվել ազգությամբ ադրբեջանցիները, ովքեր այնքան էլ «ինտեգրված քաղաքացիներ» չեն թվում, որքան փորձում են ցույց տալ դա վրացական տարբեր հարթակներում: Վերջիններս նույնիսկ հատուկ գլխավոր նկարի Frame են ստեղծել, որի վրա վրացերենով գրված է՝ «Աբխազիան Վրաստան է, Ղարաբաղը՝ Ադրբեջան»: Վերջիններս ունենալով վրացալեզու լրատվական հարթակներ, ակտիվորեն տարածում են նաև Ալիևի հայտարարությունները: Ի դեպ, այդ հայտարարությունները նույն հռետորաբանությամբ տարածվում վրացական որոշ մամուլի միջոցներում:

Ազգությամբ ադրբեջանցիներն ակտիվորեն մեկնաբանություններ են թողնում նաև հայազգի համաքաղաքացիների էջերում: Այսպես, օրինակ մի ակտիվիստ, որոշել էր վրացալեզու Ալիք մեդիային մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ: Այս բովանդակությամբ մեկնաբանություններ վերջինս նպատակաուղղված թողել էր նաև Ալիք մեդիայի լրագրողների էջերում :

Հայ թե՞ ադրբեջանցի աղջիկների տեսաուղերձը վրացիներին. «Դուք շներ եք» 

Այն բանից հետո, երբ առաջին անգամ սոցցանցերում սկսեցին տարածվել լուրեր, իբրև Վրաստանը թույլ չի տալիս հայերին իր տարածքով զենք տեղափոխել, սոցցանցերում տեսանյութ տարածվեց, որտեղ երկու աղջիկ, ներկայանալով ազգույամբ հայ,  վիրավորում են Վրաստանի ժողովդին, ասելով «Դուք շներ եք»: Ի սկզբանե տեսանյութը տարածվել էր սոցցանցերում հենց այդ ենթատեքստով, հիմնական առանցքը հայատյացությունն էր: Այն բանից հետո, երբ պարզվեց՝ աղջիկներն իրականում ադրբեջանցի էին, մեկնաբանությունները փոխեցին ուղղությունը՝ «Ի՞նչ կապ ունի ինչ ազգության են, մեզ վիրավորել են, թող իրենք պատասխան տան»: Մեր հրապարակումներին առ այն, որ նյութում ադրբեջանցի աղջիկներ են, վրացի օգտատերերը գրում  էին. «Պարզ չէ՞, որ ռուսական սադրանքներ են, դուք ավելի եք սրում իրավիճակը»:

«Հայաստանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա»

Վրացական մամուլում նման վերնագրով նյութեր այսօր շատ կտեսնեք, չնայած հայ օգտատերերի պարզաբանումներին, վրացի որոշ փորձագետներ ողջ կիրակին տրամադրել են Գանձակի խաղաղ բնակչությանը «խղճալուն» ու Հայաստանին դատապարտելուն: Այստեղ հարկ է նշել, որ վերջիններս 7 օր շարունակ ռմբակոծվող Ստեփանակերտի մասին որևէ գրառում չեն արել:

Հայ-վրացական բարեկամության սակավաթիվ սոցցանցային բանակը

Չնայած սոցցանցերում հայատյացության ալիքին ու ադրբեջանամետ գրառումներին, հարկ է նշել նաև նրանց մասին, ովքեր իրենց գրառումներով փորձում են հավասարկշռության բերել հայ-վրացական հարաբերությունները: Իրակլի Կակաբաձեն նրանցից մեկն է: Հակամարտության՝ մարտական գործողությունները վերսկսելու առաջին օրվանից  կոնֆլիկտաբանը կոչ է անում վրաց հասարակությանը հավասարակշռություն պահել ու ստանձնել մեդիատորի դեր:

Ալիք Մեդիան շարունակում է հետևել սոցցանցերում տարածվող ալիքներին ու կեղծ տեղեկությանը:

Շարունակելի….