Ադրբեջանի պաշտպանության նախարարության (ՊՆ) տեղեկատվության համաձայն, «Հայկական անօրինական զինված կազմավորումը ռադիոհաճախականության խանգարումներ է իրականացրել Թբիլիսի-Բաքու չվերթում»։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը։
«Ադրբեջանի օդային տարածքում գտնվող մարդատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիոն համակարգերի դեմ հերթական անգամ կիրառվել է ռադիոհաճախականության միջամտություն:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20:28-ից 20:34-ը ռադիոալիքային միջամտության կիրառման հետևանքով «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) E-190 մարդատար ինքնաթիռի GPS նավիգացիոն համակարգը, որը թռչում էր Թբիլիսի-Բաքու երթուղիով, խափանվել է»,- նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն Բաքվի տարածած տեղեկությունը «կատարյալ սուտ» է որակում։ Ըստ ՊՆ-ի՝ այդ երթուղիով ինքնաթիռները չեն թռչում Ղարաբաղի օդային տարածքով:
«Սիստեմատիկորեն նման կեղծ հայտարարություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և տեղեկատվական բազա պատրաստել հաջորդ սադրանքի համար»,- նշել են ԼՂ ՊՆ-ից:
Վրացական կողմը տեղեկությունը չի հրապարակել:
Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը ներկայումս ադրբեջանական կողմի վերահսկողության տակ չէ, Ադրբեջանը հարձակման է անցել և ռմբակոծում է ԼՂ տարածքը: