
Վրաստանի իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը «Քրոնիկա» լրատվական թողարկման եթերում «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրության համար ներողություն է խնդրել՝ տարածելով հետևյալ հայտարարությունը.
«Քրոնիկա»-ի 20:00-ի թողարկման ընթացքում սխալ է թույլ տրվել, մասնավորապես, «Վրացական Մածոնին ընդդեմ Մացունի» ռեպորտաժում, կիրառված լուսանկարի գրությունը չի համընկնում բնօրինակի հետ։
«Իմեդի» հեռուստաընկերությունը պարզաբանում է, որ սա տեխնիկական սխալ է, մտահոգություն է հայտնում ու ներողություն խնդրում սխալի համար: Սյուժեի այս հատվածը հանվել է հոլդինգի բոլոր սոցիալական էջերից»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Վրաստանի իշխանական TV Imedi հեռուստաընկերության եթերում, փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել հայկական մածունի արտահանման սահմանափակման թեմային: Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրած կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայատառ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է»: