Այսօր՝ հոկտեմբերի 1-ին լրանում է Վրաստանի երրորդ նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության մեկ տարին:
Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կապված այսօրվա հետ՝ այն վերնագրելով «Գերության 365 օր»: Սաակաշվիլին նշում է, որ «ինչպե՞ս է հնարավոր, որ ժամանակակից բանակ ստեղծողը բանտից է հետևում այս մեծ ճակատամարտին (խմբ. ի նկատի ունի ռուս-ուկրաիական պատերազմը)»:
«Հիմա ես պետք է կանգնեի առաջին գծում զրահաբաճկոնով և գնդացիրով, պարտավոր եմ՝ որպես Ուկրաինայի բարձրագույն պաշտոնյաների ներկայացուցիչ և որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի, որպես Վրաստանի հայրենասեր, լինել այնտեղ, որտեղ որոշվում է Ուկրաինայի և Վրաստանի ճակատագիրը», — գրել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի պնդմամբ՝ Ուկրաինան անպայման հաղթելու է: Նրա խոսքով, սա ասում է որպես գլխավոր հրամանատար, ով առաջինն է վերապրել ռուսական լայնամասշտաբ հարձակումը և վրացիների հետ փրկել Վրաստանը:
«Վրաստանի ներքաղաքական տարաձայնություններն ինձ այլևս չեն հետաքրքրում, աշխարհում նման մասշտաբի իրադարձություն է տեղի ունենում, որտեղ ինձ նույնպես ճանաչում են ու հայտնի է իմ պայքարը Ռուսաստանի հետ։ Ազատությո՞ւն, թե՞ մահ»,- եզրափակել է Սաակաշվիլին:
Նշենք, որ վերջին շրջանում խոսվում է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը դեռևս ծանր է: Նրան պարբերաբար այցելում են ամերիկյան և արտասահամանյան բժիշկներ՝ հասկանլու առողջական վիճակը:
«Էմպաթիա» բժշկական կենտրոնը խնդրել է հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից Գլդանիի 8-րդ հիմնարկ տեղափոխելու ամբողջական կադրերը։ Տեսանյութը, որտեղ, ըստ նրանց` հոգեբանական և ֆիզիկական բռնության կադրեր են, անհրաժեշտ է փորձաքննության համար:
Կենտրոնը նաև խնդրել է առկայության դեպքում հանձնել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ինչպե՞ս զարգացան իրադարձությունները՝ Սաակաշվիլիի Վրաստան գալուց հետո
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին բազմիցս հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում կվերադառնա Վրաստան: Իսկ ավելի ուշ հայտարարեց, որ խոստման համաձայն՝ կվերադառնա, բայց ժողովուրդը պետք է օգնի:
Սակայն իրավիճակը փոխվեց հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, երբ Սաակաշվիլին համացանցում հրապարակեց Կիև-Թբիլիսի տոմսի լուսանկարը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց,որ Սաակաշվիլիի ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում:
Անտեսելով վարչապետի՝ «գրկաբաց» սպասելու հայտարարությունը,Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին Վրաստանից ողջունեց իր հետևորդներին՝ ֆեսբուքյան էջում գրելով՝ «Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց՝ արդեն Վրաստանից»:
Սա կարծես կայծ հանդիսացավ Վրաստանում նախկին ընտրություններից հետո հազիվ հանդարտված քաղաքական լարված իրավիճակին զարկ տալու համար:
Սաակաշվիլին հայտարարեց, որ ինքը Բաթումիում է: Ներքին գործերի նախարարությունը հերքեց Սաակաշվիլիի Վրաստանում լինելու լուրն ու հայտարարեց, որ նա չի լքել Ուկրաինան ու չի հատել Վրաստանի սահմանը:
«Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում չէ, Սաակաշվիլիի տեսագրությունը Վրաստանում չէ արված, սա այն է, ինչ կարող եմ վստահորեն ասել», — լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Սաակաշվիլիին անվանելով «ծաղրածու»:
Արդեն հիկտեմբերի 1-ի երեկոյան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է:
Ավելի ուշ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու կադրերը:
Չուշացավ ԱՄՆ-ի արձագանքը: ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանն ու զարգացումներին՝ հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ապահովել, որ Սաակաշվիլին վայելի հավասարության սկզբունքը՝ համաձայն Վրաստանի օրենքների և Վրաստանի մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն էլ հայտարարեց, որ Ուկրաինան խնդրում է Վրաստանին՝ Ուկրաինայի հյուպատոսին թույլ տալ հանդիպել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ հյուպատոսական և իրավական օգնություն ցուցաբերելու համար:
Սաակաշվիլիին հացադուլ հայտարարեց, որի հետևանքով, ըստ նրա փաստաբանի՝ առողջական վիճակը վատթարացել է: Այդուհանդերձ, Սաակաշվիլին հայտարարեց հոկտեմբերի 14-ին զանգվածային հանրահավաքի մասին՝ համախոհներին հորդորելով դուրս գալ փողոց՝ հանուն ազատության և արդարության:
Նոյեմբերի 8-ին, Սաակաշվիլիի հացադուլի 39-րդ օրը ՔՀ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի առողջական վիճակի վատթարացումը կանխելու և վտանգներից խուսափելու նպատակով 12-րդ քրեակատարողական հիմնարկից բանտարկյալ Սաակաշվիլիին տեղափոխեցին մեղադրյալների և դատապարտյալների համար նախատեսված Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց:
«Միացյալ ազգայուն շարժման» (ՄԱՇ) առաջնորդ Նիկա Մելիան՝ Սաակաշվիլիի կյանքի ու առողջության համար պատասխանատու համարեց արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին։ Մելիայի խոսքով՝ Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ կլինիկա տեղափոխելով, խախտվել են բոլոր օրենքներն ու կանոնները։
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան էլ հայտարարեց, որ Միխեիլ Սաակաշվիլիին N18 բուժհաստատություն տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը, միևնույն ժամանակ քրեակատարողական ծառայության ղեկավարին կոչ անելով Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն։
Նոյեմբերի 9-ին Սաակաշվիլին նամակ հրապարակեց, որտեղ նշվում էր, որ իրեն խաբեությամբ են տեղափոխել Գլդանիի բանտի բուժհաստատություն:
«Ինձ քարշ տալով հանեցին մեքենայից, քարշ տվեցին գետնին ու մի քանի անգամ հարվածեցին պարանոցիս, իսկ ես այս անգամ դիմադրեցի։ Ինձ այստեղ խաբեցին, ասացին, որ ինձ տանում են քաղաքի սովորական կլինիկա, և չեղարկեցին բժիշկներիս, մորս և երեխաներիս հետ հանդիպումներս», — գրել էր Սաակաշվիլին:
Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի բուժհաստատություն տեղափոխելու հետ կապված միջազգային հանրության կողմից հնչեցին կոշտ հայտարարություններ:
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ արեց Վրաստանի կառավարությանը Միխեիլ Սաակաշվիլիի հետ վարվել արդար և արժանապատվորեն՝ միջազգային չափանիշներին և Վրաստանի օրենսդրությանը համապատասխան։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել Սաակաշվիլիի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական հրատապ կարիքները լուծելու համար», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ հղում անելով Վրաստանի օմբուդսմենի հայտարարությանը:
Միջազգային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Amnesty International կազմակերպությունն էլ Twitter-ում արձագանքեց Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելուն և նշեց, որ սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։
Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հերցելն էլ իր հերթին, նշել էր, որ ուշադրությամբ հետևում են Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին:
«ԵՄ-ն արդեն նշել է, որ Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանությունը և դատական գործընթացների իրականացումը առանցքային են և հանդիսանում են Վրաստանի իշխանությունների պատասխանատվությունը»,- ասել էր Կարլ Հարցելը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը ևս արձագանքել էր Սաակաշվիլիի հետ կապված իրադարձություններին: Իսկ ավելի ուշ, Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարեիշվիլին այցելել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։
Այնուամենայնիվ, նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին մեկնարկեց Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստը։ Քրեակատարողական ծառայությունը հայտնեց, որ Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցի նիստին, և նրան դատարան տանելը ռիսկային է։
Արդեն նոյեմբերի 11-ին, Ստրասբուրգի դատարանը մերժեց Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մասնավոր կլինիկա տեղափոխվելու վերաբերյալ պահանջն ու կոչ արեց դադարեցնել հացադուլը: Ստրասբուրգի դատարանի որոշման մասին հայտարարեց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
40 օրից ավել հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին էլ ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը՝ որոշ պայմանների դիմաց:
Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան էլ ասաց, որ նախկին նախագահի որոշման հիմքում Ստրասբուրգի դատարանի և արևմտյան գործընկերների կոչերն են, սակայն Սաակաշվիլին նշել է, որ կդադարեցնի հացադուլը, եթե դրանից հետո վերականգնողական բուժում ստանա բարձրակարգ կլինիկայում:
Սաակաշվիլիի՝ հացադուլը դադարեցնելու մասին լուրին արձագանքեց ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։
Մելիան, մասնավորապես, ասաց, որ ինքն ու իր ընկերները ողջունում են Սաակաշվիլիի որոշումը, ինչը վերահաստատում է՝ վրացական ընդդիմության, Միխեիլ Սաակաշվիլիի ծրագիրը Վրաստանը զարգացնելն է և ոչ թե իշխանությանը սադրելը։
Այնուհետև, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին խնդրեց բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին թույլ տալ հանդիպում ունենալ մոր, հարազատների և ուկրաինացի բժիշկների հետ։ Ղարիբաշվիլին մերժեց Զելենսկիի խնդրանքը:
Նոյեմբրի 15-ին նորից կայացավ Սաակաշվիլիի դատը: Նախկին նախագահին, չնայած իր ցանկությանը և պահանջին, չթողեցին ներկայանալ նիստին, քանի որ քրեակատարողական ծառայությունը կրկին մերժել էր նրան դատարան տանել։
Նույն օրը ընդդիմությունը փողոցները փակելու մասին հայտարարեց, ՆԳՆ-ն՝ զգուշացնող հայտարարությամբ հանդես եկավ:
Նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարեց, որ հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։
Նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 50-րդ օրը, երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին կորցրեց գիտակցությունը և նրան տեղափոխեցին բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Չուշացավ ԱՄՆ-ի արձագանքը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը կոչ է անում Վրաստանի կառավարությանը հաշվի առնել Միխայիլ Սաակաշվիլիի բուժման վերաբերյալ հանրային պաշտպանի հանձնարարականները։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը նոյեմբերի 19-ին կրկին բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ ի աջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան ամբիոնից դիմեց Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիներին և ասաց, որ հանրահավաքը չի ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոց չեն տեղափոխել։
Նոյեմբերի 19-ին՝ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցից տեղափոխում են Գորիի զինվորական հոսպիտալ։