Գերմանիայում օթևան հայցող վրաստանցիների թիվն ավելացել է

Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի (BAMF) վիճակագրության համաձայն, ընթացիկ տարվա 8 ամսում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Վրաստանի 2.163 քաղաքացի, ինչը կազմում է ընդհանուր ցուցանիշի 5% -ը: 2020-ի նույն ժամանակահատվածում Վրաստանի 1811 քաղաքացի էր դիմել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Նշվում է, որ միայն 2021 թվականի օգոստոսին Գերմանիայում ապաստան ստանալու համար դիմել է Վրաստանի 353 քաղաքացի:

Ըստ վիճակագրության` 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Գերմանիայում ապաստան ստանալու համար դիմել է ընդհանուր առմամբ 108 375 օտարերկրացի:

Այս շարքում, թեև վրաստանցիների թիվը փոքր է, սակայն Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում ապաստան հայցողների առաջին տասնյակում են:

BAMF-ի վիճակագրության տվյալներով, 2021 թվականի օգոստոսին Գերմանիայից քաղաքացիական ապաստան հայցած պետությունների տասնյակում Վրաստանի հետ են նաև՝ Թուրքիայի, Մոլդովայի, Սոմալիի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի և այլ երկրների քաղաքացիներ:

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ  Եվրամիության անդամ երկրներից մի քանիսը վրդովված են մի շարք երկրներից` այդ թվում` Վրաստանից ապաստան հայցողների անհիմն պահանջների աճից ու հնարավոր է  քննարկեն Վրաստանի համար վիզայի մուտքի ռեժիմի հարցը։

Սակայն, հատկանշական է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այդ տեղեկությունն անվանել է «կեղծ լուր»:

«Այս հաղորդագրությունը կարդալն ինձ համար շատ անսպասելի էր։ Այս հարցով հետաքրքրվեցի Բեռլինում, Ներքին գործերի նախարարությունում և պարզեցի, որ սա իրականությանը չի համապատասխանում: Սա պարզապես կեղծ լուր է», — ասել է Գերմանիայի նախագահը, ում մեկնաբանությունը հրապարակել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: