Գերմանիայի վերամիավորմանը նվիրված միջոցառմանը Վրաստանը չէր հրավիրվել

Գերմանիայի դեսպանատանը Գերմանիայի վերամիավորման օրվան նվիրված միջոցառմանը Վրաստանի կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն հրավիրվել։ Տեղեկության համաձայն, սրա պատճառը գալիք ընտրություններն են։

Միջոցառումն անցկացվել է դեսպանատանը մի քանի օր առաջ, սակայն դեսպանի մեկնաբանությունը հրապարակվել է այսօր։

Միջոցառմանը ելույթի ժամանակ Պիտեր Ֆիշերը խոսել է Գերմանիայի վերամիավորման կարևորության և այս իրադարձության մեջ Եվրամիության դերի մասին։ Նա նաև ընդգծել է վրաց-գերմանական գործընկերության ընդգրկունությունը և այն փաստը, որ Վրաստանի միացումը ԵՄ-ին «մտել է փակուղի»։

«Մենք կառուցում ենք գործընկերային հարաբերություններ ավելի քան 30 տարի: Այս գործընկերությունն ընդգրկուն է ու խոր, որը միշտ հենվել է ձեր՝ վրացիների ժողովրդավարության, շուկայական տնտեսության և եվրատլանտյան ինտեգրման վրա։

Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը վրացական իշխանության կուրսի պատճառով փակուղի է մտել։ Այս տեմպերով Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ։

Մենք չենք հրավիրել ո՛չ Վրաստանի կառավարության անդամներին, ո՛չ Վրաստանի խորհրդարանի անդամներին, ո՛չ էլ վրացական քաղաքական կուսակցությունների առաջնորդներին։

Պատճառն այն է, որ մենք ուզում ենք հստակ արձանագրել` հոկտեմբերի 26-ի ընտրությունները վրացիների ձեռքում են, և մենք դրա հետ կապ չունենք։

Վրացիները պետք է որոշեն, թե ինչ են ուզում. ինչպիսի իշխանություն են ուզում և երկրների որ խմբին են ցանկանում պատկանել։ Ամեն ինչ կախված է ձեզանից, ոչ թե մեզանից»,- ասել է դեսպանը։