
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Կանդելակիի տեղեկատվությամբ, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները համատեղ նամակով դիմել են Վրաստանի կառավարությանը:
Պատգամավորը «Նեթգազեթի» պարբերականին հայտնել է, որ նամակը վերաբերում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է անում կառավարությանը` հրապարակել նամակը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ հրապարակելը նամակ ուղարկողների որոշումն է:
«Նամակի հրապարակումը գերմանական և ֆրանսիական կողմի որոշելիքն է և մեզ համար շատ լավ կլինի, եթե հրապարակեն, քանի որ նամակը բավականին հավասարակշռված և կառուցողական է։ Մենք չենք պատրաստվում վատ դրության մեջ դնել մեր գերմանացի և ֆրանսիացի գործընկերներին: Կանդելակիի և իր գործընկերների հայտարարությունները չեն համապատասխանում դիվանագիտական գործին»,- ասվում է հայտարարության մեջ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատնից «Նեթգազեթիին» հաստատել են, որ համատեղ նամակ եղել է, թեև բովանդակության մասին ոչինչ չեն նշել: