Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։
«1918 թվականի մայիսի 26-ին վրաց ժողովուրդը պատմական ակտով ընտրեց անկախությունն ու ժողովրդավարությունը։ Այն ժամանակ, ինչպես հիմա, Գերմանիան ամուր կանգնած է նրանց կողքին, ովքեր հավատարիմ են ազատ, խաղաղ և եվրոպական Վրաստանին»,- X սոցիալական ցանցում գրել է Ֆիշերը:
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։
Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։
1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո երկրում ակտիվացել էր ազգային շարժումը։ Վրաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ 1921 թվականի փետրվարի 25-ի ակտը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիա։ Ավելի ուշ նշանակվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ընտրությունները տեղի ունեցան 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, և հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորած «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» կուսակցությունը։
1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե անցկացրեց: Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ արտահայտվեց Վրաստանի անկախության վերականգնմանը։
1991 թվականի ապրիլի 9-ին հանրաքվեի հիման վրա Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։ Նույն թվականի մայիսի 26-ին Վրաստանն ընտրեց առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային։