Գերմանիան Վրաստանում դեսպան չունի. Կոբախիձե

Լուսանկարը՝ netgazeti.ge-ից

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին «այսպես կոչված` դեսպան» է անվանել։

Կոբախիձեն ասել է` Գերմանիան այսօր Վրաստանում դեսպան չունի։

«Կարծում եմ, Գերմանիայի դեսպանի համար մեծ պատիվ կլինի հրավիրել (կառավարության հաստատման նիստին — հեղ.)։ Ուստի չեմ կարծում, որ մենք պետք է նման որոշում կայացնենք։ Փաստորեն, Գերմանիան այսօր դեսպան չունի Վրաստանում, այսօր Վրաստանում, այսպես կոչված` դեսպանի համար սա ամենահարմար կարգավիճակն է»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանյան BM.ge լրատվամիջոցին տված հարցազրույցում Ֆիշերն ասել է` Վրաստանի տնտեսության աճը կապված է «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման անսպասելի շահույթի հետ»։

Ըստ Գերմանիայի դեսպանի` Գերմանիա-Վրաստան հարաբերություններն այժմ փակուղում են։ Նրա խոսքով, ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելը «սիրո և հոգատարության նշան է»։ Նա նաև նշել է, որ Եվրամիությունից անջատվելը բացասաբար կանդրադառնա Վրաստանի ազգային արժույթի վրա. երիտասարդների արտագաղթ կսկսվի։