Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերն ասել է, որ «գործակալների օրենքն» ընդունելու դեպքում, դեկտեմբերին Գերմանիան Եվրոպական խորհրդի նիստում չի աջակցի Վրաստանի Եվրամիության անդամակցության բանակցությունների մեկնարկին։
«Դուք տեսաք Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը. երրորդ ընթերցմամբ ընդունելով օրենքը՝ Վրաստանն արդեն իսկ շեղվել է եվրոպական ուղուց։ Գոյություն ունի միջազգային չափանիշ, որին պետք է համապատասխանեն թեկնածու երկրները:
Վրաստանը պետք է համապատասխանի ստանդարտին, այլապես չի կարողանա մոտենալ Եվրամիությանը»,- ասել է Գերմանիայի դեսպանը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Գործակալների մասին օրենքը»։ Այն դեռ կյանքի չի կոչվել, նախագահը մայիսի 18-ին վետո է դրել՝ վերադարձնելով խորհրդարան։ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում է, որ այն «ռուսական օրենք», հակասում է թե՛ երկրի Սահմանադրությանը, թե՛ եվրոպական ստանդարտներին։