
Այսօր Վրաստանի կառավարության և գերմանական վերակառուցման վարկային բանկի (KFW) միջև ստորագրվել է «Տնտեսության կայունացում․ էներգետիկայի ոլորտի բարեփոխումների աջակցության մասին» համաձայնագիր, որի շրջանակներում Վրաստանին կհատկացվի 27 միլիոն եվրո։
Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և KFW-ի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ Կրեսը։
Ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ համաձայնագիրը ենթադրում է Վրաստանի կառավարության կողմից էներգետիկ ոլորտի բարեփոխումների հինգերորդ փուլի իրականացում։
«Այս համաձայնագրով Վրաստանի կառավարությունը կշարունակի իրացնել վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և շուկայական ուղղվածություն ունեցող էլեկտրաէներգիայի ներուժը», — հայտնում է Ֆինանսների նախարարությունը։