Գերմանական Tag24 հրատարակությունը մեծ հոդված է հրապարակել՝ Գերմանիայում վրաստանցի փախստականների թվի աճի կապակցությամբ:
Լրագրող Յուլիանա Մորգենրոթն այս հարցով դիմել է Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի ոստիկանությանը՝ նշելով, որ գրանցվել է վրացիների զանգվածային ներհոսք և նրանք Գերմանիայում ապաստան են հայցում: Պատասխանը պարզ է. Գերմանիայի իրավապահները, ինչպես և շատ քաղաքական գործիչներ, ասում են, որ Վրաստանից փախստականների աճը կապված է 2017 թ. վիզային ռեժիմի ազատականացման հետ: Վրացիները օգտվում են այս արտոնությունից, գալիս են Գերմանիա և ապաստան են փնտրում:
Լրագրողը նաև գրում է, որ վրացիները հաճախ ապաստան են խնդրում անհիմն և չարաշահում այն: Մասնավորապես, նրանք հանձնվում են որպես փախստական և զբաղվում են տարբեր քրեական գործերով, հիմնականում գողությամբ:
Այն փաստը, որ Գերմանիա եկող փախստականների մեծ մասը Վրաստանից է, հաստատում է անցյալ շաբաթ Սաքսոնիայի երկրամասի ոստիկանության տեսչական ստուգման պաշտոնական վիճակագրությունը:
Ըստ տվյալների, փախստականի կարգավիճակի վերաբերյալ հարցումների համաձայն, Վրաստանը առաջատար դիրք է զբաղեցրել, որտեղից վերջին 5 ամիսների ընթացքում 267 մարդ որպես փախստական է հանձնվել: Սիրիան հաջորդում է Վրաստանին: Այս երկրից 2019 թվականին ապաստան է խնդրել 223 հոգի: Երրորդ հորիզոնականում Վենեսուելան է: Այս պետությունից տնտեսական ճգնաժամի և քաղաքական լարվածության պատճառով 200 մարդ է ցանկացել տեղափոխվել Սաքսոնիա: