
Գերմանացի գինեգործների մի խումբ այցելել է Վրաստան՝ ծանոթանալու երկրում գինեգործության ավանդական և ժամանակակից մեթոդներին: Այս մասին հայտնում է Վրաստանի գինու ազգային գործակալությունը։
Գերմանացի գինեգործներն ու լրագրողներն այցելել են երկրի արևելյան գինեգործական շրջաններ՝ Կախեթի և Քարթլի, համտեսել տեղական արտադրողների գինիները։
Թբիլիսիում շրջագայության շրջանակներում գինեգործները փորձարկել են վրացական գինեգործական 20 ընկերությունների արտադրանքը։
«Ինձ համար զարմանալի և շատ հետաքրքիր փաստ է, որ գինեգործների երիտասարդ սերունդը, ավանդական մեթոդներից բացի, կիրառում է նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Նրանք ունեն նոր գաղափարներ, ինձ համար հատկապես հետաքրքիր էին Վրաստանի գինու տեղական սորտերը»,- ասել է գերմանացի գինեգործ Կոնստանտին Բաումը։