Ստեղծագործական առատություն էր եկել թատրոն՝ ասում է Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը՝ խոսելով նախորդ թատերական տարվա մասին։
Տարին աննախադեպ էր հատկապես նոր ներկայացումների մասով․ 8 նոր ներկայացում է հանձնվել, որոնցից 2-ը բեմադրել են հրավիրված վրաց ռեժիսորներ․ «Սա թատրոնի համար նոր ու կարևոր փորձ էր։ Նախորդ տարի 40 ներկայացում ենք խաղացել, եղել ենք միջազգային թատերական փառատոնի՝ Ֆինլանդիայում, ուր խաղացել ենք «Օրը անձրևոտը», հյուրախաղերով մասնակցել ենք մոնո փառատոնի, նաև երիտասարդ դրամատուրգների փառատոնին, Լոռու փառատոնին, Սոսո Լաղիձեի հիշատակին ենք ներկայացում նվիրել։ Հետաքրքիր թատերաշրջան ենք ունեցել։ Նաև այս տարի ծրագրել ենք թատրոն հրավիրել վրաց ռեժիսորների»։
Մեծ են նաև նոր թատերաշրջանի ծրագրերը։ Հայտնի վրաց ռեժիսոր Ավթո Վարսեմաշվիլիի՝ «Հրեշտակն ու 3 փողկապավորները» ներկայացման առաջնախաղը Թբիլիսիում փետրվարի 23-ին է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է՝ սա օգնում է դերասանին ծանոթանալ նաև վրաց ռեժիսուրայի ձեռագրին․ «Մենք աշխատում ենք վրաց թատրոնի ամենաառաջատար ռեժիսորներին հրավիրել, որպեսզի մեր դերասանները նոր մտածելակերպի հետ շփվեն, ինչու ոչ՝ նոր հանդիսատեսի, որովհետև նրանց ներկայացումներին նաև վրաց թատերագետներ, դրամատուրգներ են գալիս։ Ես աշխատում եմ «Շուշանիկի տառապանքները» պիեսի վրա, երևի արդեն մեր նոր բեմում կխաղանք։ Դեկտեմբերին շենքը շահագործման կհանձնվի, իսկ թատերաշրջանը կբացվի գարնանը»։
Տարվերջին Հայաստանի երիտասարդ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը բեմադրություն կանի Թբիլիսիի հայկական թատրոնում, «Ագռավն ասաց» մոնո ներկայացմամբ թատրոնը կմասնակցի Հայաստանի թատերական գործիչների միության՝ Արտավազդ ամենամյա թատերական փառատոնին։
Հայաստանյան հյուրախաղերի հետ միասին նաև Կանադա հյուրախաղերի ծրագրեր կան՝ տեղի հայկական թեմի առաջնորդի հրավերով։ Հրավեր կա նաև Թեհրանից։ Հյուրախաղ կա ծրագրված Աջարիա, իսկ վրաց հանդիսատեսի կողմից սիրված՝ «Մեղադրական եզրակացությունը» Կախեթիում կներկայացվի վրացերենով։
Բայանդուրյանն ասում է, որ ամանորի տոների կապակցությամբ 7 ներկայացում է նվիրվել Քվեմո Քարթլիի փոքրիկներին։
Այստեղ թատրոնը չի փնտրում ո՛չ բեմ, ո՛չ դահլիճ, իսկ հանդիսատեսն ինչպես միշտ անհամբեր սպասում է։