Մոլորակի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին պատկանող Starlink-ը, պատրաստվում է գործունեություն սկսել Վրաստանում։
Հունիսի 29-ին Starlink Holdings Netherlands-ը Վրաստանում հիմնել է Starlink Georgia դուստր ձեռնարկությունը և թույլտվության համար դիմել է Վրաստանի Կապի հանձնաժողովին. վերջինս՝ հուլիսի 14-ին նախատեսում է վերանայել ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը։
Starlink-ը ապահովում է բարձր արագությամբ, ցածր ուշացման լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում, ներառյալ այն տարածքներում, որտեղ ինտերնետ հասանելիությունը թանկ է, անվստահելի, անորակ կամ ամբողջովին անհասանելի:
Նշենք, որ SpaceX-ը մինչ օրս արձակել է ավելի քան 2 700 Starlink ցածր ուղեծրով (LEO) արբանյակներ:
Վրաստանի համատեքստում Starlink-ը հատկապես կարևոր և հետաքրքիր է լեռնային շրջաններում և լայնաշերտ ինտերնետ ծածկույթ չունեցող բնակավայրերում:
Starlink ինտերնետ ստանալու համար մեծ ենթակառուցվածք չի պահանջվում: Պահանջվում է միայն էներգիայի աղբյուր և ընդունող սարք: Արդյունքում հնարավոր է ինտերնետից օգտվել աշխարհի ցանկացած կետում։