Georgian Airways-ին մեղադրում են ռուսական Mir-ի հետ համագործակցելու մեջ

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բողոքի ցույց են անցկացրել Georgian Airways-ի գրասենյակի դիմաց՝ բողոքելով ավիաընկերության կայքի վճարման դաշտում ռուսական Mir բանկային համակարգի ավելացման դեմ։ Ըստ ցուցարարների՝ ավելի շատ շահույթ ստանալու համար ռուսական վճարային համակարգին ինտեգրումն անընդունելի է։

Ըստ ցուցարարների, ռուսական Mir վճարման համակարգը մարտի 7-ին հայտնվել է Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways ընկերության կայքում՝ MasterCard-ի և Visa-ի կողքին։

Վրաստանի ազգային բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանում գործող բանկերն ու քարտային համակարգերը չեն համագործակցում Ռուսաստանի կենտրոնական բանկի Mir համակարգի հետ։

Ազգային բանկի տվյալներով՝ Mir-ը համագործակցում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարության հետ, որը, ըստ բանկի, կարող է խախտել Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը։

Georgian Airways-ն էլ իր կայքում հայտարարություն է տարածել՝ հերքելով Mir բանկային համակարգին միանալու մասին տեղեկատվությունը։ Ընկերությունը իր շուրջ ընթացող իրադարձություններն անվանել է «միանգամայն անհիմն իրարանցում» և պնդել, որ Georgian Airways-ը մինչ այժմ Mir վճարային քարտով տոմսեր չի վաճառել։