
Վրաստանում 4 ամսից ավելի շարունակվող եվրոպամետ ցույցերի ֆոնին վրացական Georgian Airways ավիաընկերությունը նոր չվերթ է ավելացնում դեպի Ռուսաստան: Այս լուրը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Georgian Airways-ի սեփականատեր Թամազ Գաիաշվիլին։
Georgian Airways-ը ամառվանից կսկսի Թբիլիսի-Եկատերինբուրգ թռիչքները։ Ստույգ չվացուցակը դեռ հայտնի չէ, իսկ ընկերության կայքում տոմսերը դեռ չեն վաճառվում։
Ներկայումս ռուսական Red Wings ավիաընկերությունն է Եկատերինբուրգից թռչում Թբիլիսի և Բաթումի։ Georgian Airways-ը թռիչքներ է իրականացնում Թբիլիսիից Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Նովոսիբիրսկ:
Ըստ ԶԼՄ-ների՝ մոտ ապագայում Red Wings-ը կսկսի Ուֆայից Բաթումի, Նիժնի Նովգորոդից Թբիլիսի և Բաթումի, Միներալնիե Վոդիից Բաթումի թռիչքները։ Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների ընդհանուր թիվը գերազանցում է ամսական 400 չվերթը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերականգնվել են 2023 թվականի մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, որին հետևել են Արևմուտքի քննադատությունը և Գաիաշվիլիի նկատմամբ ուկրաինական կողմից պատժամիջոցների սահմանումն ու վրաստանյան բողոքի ցույցերը: