Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքից հետո վրացական ազգային փոխադրող Georgian Airways ընկերությունը 25 մլն դոլարի չափով վնաս է կրել։ Այս մասին հաղորդում են ընկերությունից։
Ընկերությունը ֆինանսական օգնության խնդրանքով դիմել է Վրաստանի կառավարությանը, որը հայտարարել է՝ մասնակիորեն կփոխհատուցի ավիափոխադրողի վնասը:
Վրաստանում ռուսական պատվիրակության այցից հետո սկսված հակառուսական ակցիաների արդյունքում Ռուսաստանը հուլիսի 8-ից արգելել է դեպի Վրաստան ավիափոխադրումները։
Վրաստանի իշխանությունները կարծում են ռուս զբոսաշրջիկների հոսքի կտրուկ կրճատման պատճառով վնասը կկազմի 750 մլն դոլար։
Հիշեցնենք՝ վրացական հիմնական ավիափոխադրողը վերջին շրջանում Թբիլիսի-Մոսկվա չվերթի այլընտրանք է գտել՝ Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղությունը: Այս մասին «Ալիք մեդիան» ծավալուն հարցազրույց է արել ընկերության ղեկավարության հետ։