
Վրաստանյան ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան, որը բոյկոտել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանական հետաքննող հանձնաժողովի նիստերը, քանի որ դրանք համարում է ոչ լեգիտիմ, հայտարարել է, որ նիստին մասնակցելու են կուսակցության նախկին անդամները՝ գեներալներ Զազա Գոգավան և Մամուկա Կղուրաշվիլին։
Ըստ կուսակցության հայտարարության, գեներալները «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության շարքերը լքելու որոշումը կայացրել են 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ՄԱՇ-ի քաղխորհրդի նիստում։
«Նիստում գեներալ Գոգավան և գեներալ Կղուրաշվիլին մեզ տեղեկացրին իրենց համատեղ որոշման մասին, որ իրենք իրենց պարտավոր են համարում վրացական պետության և պատերազմում զոհված հերոսների ընտանիքների ու հիշատակի առջև՝ պատասխանել 2008 թվականի պատերազմին վերաբերող ցանկացած հարցի ցանկացած ձևաչափով, նույնիսկ ոչ լեգիտիմ խորհրդարանում», — նշել է կուսակցությունը, ըստ որի` նրանք կներկայանան ցանկացած հանձնաժողովի քննարկման։
ՄԱՇ-ը նշել է՝ գեներալ Գոգավան և գեներալ Կղուրաշվիլին այն զինվորականներն են, որոնց ջանքերով Վրաստանին հաջողվեց զսպել ռուսական ագրեսիան 2008 թվականին և երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և «մեր հերոս մարտիկների հետ միասին պահպանել Վրաստանի պետականությունը»:
ՄԱՇ-ի կառավարության դեմ հաճախ են հնչում մեղադրանքներ, ինչի մասին երկար տարիներ խոսում են «Վրացական երազանք»-ն ու նրա դաշնակիցները։ Առանցքային թեմաներից մեկը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմն է։
Ընդդիմությունը համոզված է, որ «խորհրդարանական հետաքննությունը» նախաձեռնել է Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը՝ «Կրեմլի շահերին համապատասխան» և «պատերազմ սկսելու համար վրացական կողմին մեղադրելու համար»։
«Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի մարտի 27-ի նիստին ներկա են Զազա Գոգավան, Մամուկա Կղուրաշվիլին և Շալվա Ջանաշվիլին:
Հանձնաժողովը վերջին օրերին քննարկել է մի քանի բիզնես գործեր՝ կապված ՄԱՇ-ի ժամանակաշրջանում իշխանության չարաշահման, գույքի յուրացման և այլ հարցերի հետ։
«Լելո»/«Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն չեն ներկայացել հանձնաժողովի նիստին։ Դրա համար նրանց սպառնում է մեկ տարվա ազատազրկում. հանձնաժողովի ղեկավար Թեա Ծուլուկիանին դիմել է դատախազություն՝ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում կաշխատի ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: