Վրաստանի քաղհասարակությունը բացասաբար է գնահատում Վրաստանի խորհրդարանում քննարկվելիք օրինագիծը, որի նպատակը գենդերային քվոտաների վերացումն է։
Գենդերային քվոտաները՝ որպես քաղաքականության մեջ արագ և արդյունավետ կերպով կանանց ներգրավման միջոց Վրաստանում գործում է 2020 թվականից և նախատեսվում էր գործածել մինչև 2032 թվականը։ Քանի որ հիմնականում մեծամասնությունը միշտ տղամարդիկ են լինում, գենդերային քվոտաների մասին գործող օրենքի համաձայն՝ կուսակցության ցուցակի առնվազն յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է այլ սեռի ներկայացուցիչ լինի։
Սոցիալական արդարության կենտրոնի Հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է քվոտաների վերացումը ծանր արդյունք կունենա, մասնավորապես․
- Քաղաքականության մեջ կվերանան այն բովանդակությունն ու սոցիալական փորձը, որ կին քաղաքական գործիչները ստեղծեցին։
- Կուսակցությունները կլցվեն հարուստներով, որոնց նպատակը լինելու է անձեռնմխելիություն ստանալն ու էլ ավելի հարստանալը մեր հաշվին։
- Առանց այն էլ բևեռացված, անօթևան ու թշնամական միջավայրը կդառնա էլ ավելի ագրեսիվ։
- Այս որոշումը լուրջ հետընթաց կլինի գենդերային հավասարության ուղղությամբ եվրոպական հանձնարարականների կատարման ճանապարհին։
Հոգեբանության դոկտոր, դասախոս Դարեջան Ջավախիշվիլին ևս, ով աշխատում է կախվածության, հոգեվնասվածքաբանության և կոնֆլիկտների վերափոխման հարցերի շուրջ, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր քվոտաների վերացման թեմային․
«Քվոտաները չեն նշանակում «աշխատանք ստանալ միայն այն պատճառով, որ դու կին ես: Քվոտան նշանակում է, որ մեր համատեքստում, որտեղ տղամարդիկ սովորաբար ավելի նախընտրելի են, կլինեն թափուր աշխատատեղեր կանանց համար, որտեղ տղամարդը արժանի չլինելով այդ հաստիքին չի ընդունվի միայն այն պատճառով, որ նա տղամարդ է, իսկ կինը ընդունված է», — նշում է Ջավախիշվիլին՝ պարզաբանելով քվոտաների դերն ու նշանակությունը։
Օրեր առաջ՝ ապրիլի 1-ին, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ կաջակցի «Գիրչի» կուսակցության նախաձեռնությանը, որը նախատեսում է կուսակցությունների ընտրական ցուցակներում գենդերային քվոտաների վերացում։
Նշենք, որ 2020 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց քվոտավորման մեխանիզմը՝ որպես քաղաքականության մեջ արագ և արդյունավետ կերպով կանանց ներգրավման միջոց։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում քվոտավորման մասին օրենսգիրքը փոփոխվեց, համամասնական ցուցակում ամեն երկրորդ հակառակ սեռի ներկայացուցիչ ընդգրկելու մեխանիզմը փոխարինվեց ամեն երրորդի, այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակի ամեն 3-րդ թեկնածու պիտի լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ, այս դեպքում՝ կին։
2021 թվականին նաև առաջ քաշվեց փակ մեխանիզմ, ինչը նշանակում է, որ կին թեկնածուն չէր կարող փոխարինվել տղամարդ թեկնածուով: Այն ուժը, որը հրաժարվում էր կին թեկնածուին տրամադրել իր մանդատը, զրկվում էր մանդատից: