Գախարիային տուժող ճանաչելը կեղծ էր. «Վրաստանի համար»

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ հունվարի 14-ին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում տեղի ունեցած բռնության գործով Գախարիային տուժող ճանաչելը «պարզվել է` կեղծ է»:

Կուսակցությունից պնդում են՝ իրենց չեն տրամադրում հետաքննության նյութերը։ Նշում են նաև, որ խնդրել են Գախարիային տուժող ճանաչել գործի նյութերին և ամենագլխավոր ապացույցներին՝ տեսաձայնագրություններին ծանոթանալու նպատակով:

«Այսօր Գիորգի Գախարիայի ներկայացուցիչը ժամանել է Բաթումի՝ գործը ամփոփելու համար: Պարզվել է` տուժողի կարգավիճակ տալը կեղծ է», — ասված է կուսակցության հունվարի 27-ի հայտարարության մեջ։

Ըստ կուսակցության՝ Գախարիայի ներկայացուցիչներին

  • դատախազությունը թույլ չի տվել ծանոթանալ տեսաապացույցներին՝ ձայնագրությունները փորձաքննության ուղարկելու կեղծ պատրվակով, թեև դրանք ունեն պատճեններ:
  • չի հանձնել ամենակարևոր վկայի՝ Զվիադ Քորիձեի հարցաքննության արձանագրությունը:

Ներկայացուցիչները նշել են՝ պարզվել է, որ հարձակումից գրեթե 2 շաբաթ անց միայն մեկ ոչինչ չասող վկա է պաշտոնապես հարցաքննվել։

«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ հարձակումը կազմակերպվել է Իվանիշվիլիի հրահանգով, և դատախազությունը կատարում է ապացույցները ոչնչացնելու և ճշմարտությունը կեղծելու Իվանիշվիլիի ցուցումները։ Կարևոր ապացույցներ տրամադրելուց հրաժարվելը ևս մեկ անգամ վկայում է Իվանիշվիլիի դերը բացառելու և նախապես ծրագրված ու դարանակալած հարձակման նախապես կազմակերպված և խմբակային բնույթը թաքցնելու ռեժիմի շահագրգռվածության մասին», — ընդգծել են Գախարիայի կուսակցությունից:

Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ կուսակցությունը հաստատել էր, որ Գախարիան տուժող է ճանաչվել հունվարի 14-ին Բաթումիի «Շերատոն»-ում տեղի ունեցած բռնության ժամանակ։

Ըստ մամուլի ծառայության՝ Գախարիային տուժողի կարգավիճակ է շնորհվել հունվարի 26-ին։ Այս կարգավիճակը, ըստ փաստաբանների, պետք է թույլ տար նրան ծանոթանալ գործի նյութերին:

Ֆիզիկական բռնություն՝ քաղաքական մոտիվներով. ճնշումներ Վրաստանում