
Նախկին վարչապետ և ընդդիմադիր «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի հետ զրույցում պարզաբանել է, որ 2019 թվականի հունիսի 20-ին` «Գավրիլովի գիշերը», ռետինե փամփուշտներն իր հրամանով չեն կիրառվել։
«Որպես կանոն, նախարարը հրաման է տալիս, երբ անհրաժեշտ է վերականգնել կամ պաշտպանել հասարակական կարգը։ Դուք նման հրաման տվե՞լ եք», — հարցրել է Ծուլուկիանին:
«Ես այս ամենի մասին ցուցմունք եմ տվել Վրաստանի գլխավոր դատախազությունում։ Իհարկե, ես հասկանում եմ հանձնաժողովի ֆորմալ մանդատը, բայց հասկանում եմ նաև, որ հանձնաժողովը չի կարող փոխարինել հարցաքննությանը… Ես ունեմ իմ հարցաքննության արձանագրությունները, կարող եմ դրանք հանձնել ձեզ»,- պատասխանել է Գախարիան։
Թեա Ծուլուկիանի. «Ո՞վ է տվել հատուկ միջոցներ կիրառելու հրամանը»։
Գիորգի Գախարիա. ««Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ ես հրաման եմ տվել արցունքաբեր գազ կիրառելու վերաբերյալ, նաև՝ ջրցան մեքենաների դեպքում։ Մնացած դեպքերում ոչ ես, ոչ իմ տեղակալները հատուկ միջոցներ կիրառելու հրաման չենք տվել։ Ճիշտ նույն պատասխանն է հարցաքննության արձանագրության մեջ»։
Գիորգի Գախարիայի խոսքով՝ 2019 թվականի հունիսի 20-ի գիշերը ոստիկանությունը, նախ, արցունքաբեր գազ է կիրառել, ապա` ջրցան մեքենաներ ցույցը ցրելու համար, ինչը, նրա խոսքով, նախատեսված է «Ոստիկանության մասին» օրենքով։
Թեա Ծուլուկիանիի հանձնաժողովը Գախարիային կանչել էր 2019 թվականի հունիսի 20-ի «Գավրիլովյան գիշեր»-ի գործով, այն ժամանակ նա զբաղեցնում էր «Վրացական երազանք»-ի կառավարությունում ներքին գործերի նախարարի պաշտոնը։
2019 թվականի հունիսի 20-21-ը քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի ամբիոնից։