
Վրաստանում քննարկում են նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի ներկայանալը «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողով ու ելույթի ընթացքում հնչեցրած պատասխանները:
Որոշ փորձագետներ ասում են՝ Գախարիան չպետք է ներկայանար հանձնաժողով, քանի որ դրանով լեգիտիմություն տվեց «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանին ու հանձնաժողովին, իսկ հայտարարությունները նորություն չէին վրաց հասարակության համար: Որոշ փորձագետներ էլ պնդում են՝ Գախարիայի այցը հանձնաժողով ճիշտ էր, քանի որ հնչեցրեց մի շարք հարցերի պատասխաններ ու հայտարարություններ արեց, որոնք «Վրացական երազանք»-ին կխանգարեն այդ հանձնաժողովի միջոցով «ռուսական ոճի հիբրիդային պատերազմի իրականացմանը»:
Գախարիան հայտնվեց ընդդիմության քննադատության թիրախում. ընդդիմության որոշ անդամներ ընդգծել են 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ կուսակցությունների պայմանավորվածությունը «Դիմադրության հարթակ»-ի շրջանակներում, ըստ որի` իրենք չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ վերջինիս լեգիտիմ չեն համարում։ Ոմանք քննադատել են նաև հանձնաժողովում Գախարիայի ելույթի բովանդակությունը։
Մինչդեռ Գախարիան հանձնաժողովում ընդգծել է՝ չի ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը, նաև ասել է, որ հանձնաժողովը հիբրիդային պատերազմ է մղում սեփական քաղաքացիների դեմ, և որպես օրինակ բերել է ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի դեմ «Վրացական երազանք»-ի բացասական հռետորաբանության պատմությունը։
Ապրիլի 14-ին Թեա Ծուլուկիանիի նախագահած քննչական հանձնաժողովի երկար (6 ժամանոց) ու աղմկոտ նիստում քննարկվեցին 2019 թվականի հունիսի 20-ի «Գավրիլովի գիշեր»-ին նախորդած իրադարձությունները, ռուս կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մուտքը Վրաստան, «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի «անտեսանելի» միջամտությունը կուսակցության որոշումներում և Գախարիայի հրաժարականի մանրամասները:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Գախարիայի այցը Ծուլուկիանիի հանձնաժողով, իհարկե, միանշանակ չընդունվեց, և դեռ հարցեր կան, սակայն հանձնաժողովի քննարկմանը չներկայանալու դեպքում կշահեր միայն «Վրացական երազանք»-ը: Ըստ քաղաքագետի՝ Գախարիայի չներկայանալու դեպքում «Վրացական երազանք»-ը կշարունակեր այն հիբրիդային պատերազմը, որը սկսել է հանձնաժողովի նիստերի մեկնարկից ի վեր:
Փորձագետի գնահատմամբ՝ Գախարիա-Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստն ավարտվել է 2-1՝ հօգուտ Գախարիայի, քանի որ մի շարք հարցերում Գախարիան կարողացել է սպառիչ, երբեմն՝ «Վրացական երազանք»-ին նյարդայնացնող պատասխաններ տալ:
«Հանձնաժողով ներկայանալով` Գախարիան մտածում էր, որ կչեզոքացնի այն հիբրիդային պատերազմի զենքը, որ «Վրացական երազանք»-ը կիրառում է վրաց ժողովրդի դեմ հանձնաժողովի նիստերի մեկնարկից ի վեր: Ցավալի է սակայն, որ Գախարիան խախտեց այն պայմանավորվածությունը, որն առաջարկել էր 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և որի շուրջ համաձայնության էր եկել ընդդիմությունը», — ասաց Մելաշվիլին:
2025 թվականի մարտի 31-ին «Գալիս է ժողովրդի գարունը» խորագրով բողոքի 124-րդ եվրոպամետ ցույցի ժամանակ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմեց հավաքվածներին և ներկայացրեց «Դիմադրության հարթակ»-ը, որի շուրջ հավաքվեց ընդդիմության գերակշիռ մասը: Հարթակի նպատակը, ըստ Զուրաբիշվիլիի, հետևյալն էր՝ նշանակել նոր, արդար ընտրություններ և ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստից հետո Գախարիայի կուսակցության առաջնորդներից Անա Բուչուկուրին TV Pirveli-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք Զուրաբիշվիլիի շուրջ «Դիմադրության հարթակ»-ի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են այսպես. «Մեր թիմն ասում էր, որ հանձնաժողով գնալու հարցը… կոլեկտիվ ընդունման որոշում չէր, դա անհատական որոշում էր… Այս հարթակի անդամներին հայտնի էր մեր դիրքորոշումը, ըստ որի` հանձնաժողով գնալը մեզ համար անհատների որոշում է»։
Բուչուկուրին նաև ասել է, որ Գախարիայի կուսակցությունը համաձայն է Զուրաբիշվիլիի շուրջ ստեղծված պլատֆորմի հետ միայն երկու հարցում.
- Քաղբանտարկյալների խնդիրը թիվ մեկ առաջնահերթություն,
- Եվրոպական ինտեգրացիա. սա ներառում է նոր ընտրություններ:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, Գախարիայի այցը Ծուլուկիանիի հանձնաժողով ճիշտ էր. չներկայանալու դեպքում կշահարկեին, թե վախեցել է ներկայանալ և ասել իրականությունը: Ըստ կոնֆլիկտաբանի, Գախարիայի ներկայանալով ոչինչ չի խաթարվել, ոչինչ չի կարգավորվել, ոչինչ չի փոխվել, քանի որ ոչ մի նոր բան հայտնի չի դարձել:
Զաքարեիշվիլիի դիտարկմամբ՝ Գախարիան պահպանել է ստատուս քվոն ու իր ընտրողների իմիջը. նրանք, ովքեր ընտրել էին Գախարիային, կաջակցեն վերջինիս, իսկ ովքեր` ոչ, կմնան նույն դիրքորոշմանը:
«Այն ինչ ասաց Գախարիան «Գավրիլովի գիշեր»-ի մասին, այդեն հայտնի էր. ով թույլ տվեց Գավրիլովի մուտքը Վրաստան, ինչ եղավ հետո, ով պարտադրեց՝ այս ամենը երկրորդական են, մի բան հստակ է՝ Գախարիայի ՆԳ նախարար լինելու օրոք են տեղի ունեցել այդ բռնությունները, ու պատասխանատվությունն ինքն է կրում», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց կոնֆլիկտաբանը:
Գախարիան պարզաբանել էր, որ 2019 թվականի հունիսի 20-ին` «Գավրիլովի գիշեր»-ը, ռետինե փամփուշտներն իր հրամանով չեն կիրառվել։
Գախարիան «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովը եթե «արդար ու չեզոք» է, ապա նիստում պետք է հարց տալ, թե ով է Սերգեյ Գավրիլովին Վրաստան բերել։
Ծուլուկիանիի հանձնաժողովը Գախարիային կանչել էր «Գավրիլովի գիշեր»-ի գործով. այն ժամանակ Գախարիան զբաղեցնում էր «Վրացական երազանք»-ի կառավարությունում ՆԳ նախարարի պաշտոնը։
2019 թվականի հունիսի 20-21-ը քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել այն բանից հետո, երբ ռուս կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը քվեարկել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության օգտին և Վրաստանում մասնակցում էր Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի ֆորումին, հեռացվել է Վրաստանի խորհրդարանի ամբիոնից։
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը բողոքի ցույցը ճնշելու ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ առնվազն 30 լրագրող։ Բողոքի ակցիան ցրելուց հետո 2 հոգի կորցրել է տեսողությունը, իսկ 2 հոգի մի քանի օր հիվանդանոցում է անցկացրել՝ շնչափող սարքերով։
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի իշխանավարման ժամանակահատվածն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին «Վրացական երազանք»-ը խոսեց 2025 թվականի հունվարի 9-ին։ Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով, հանձնաժողովը կուսումնասիրի.
- բանտերում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների դեպքեր,
- սպանության, բռնության և անձնական կյանքի ներխուժման դեպքեր,
- կոռուպցիա և ճնշում բիզնեսի վրա, լրատվամիջոցների յուրացում,
- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «մեկնարկի ճանաչում» և «ռազմական հանցագործությունների համար վրաց զինվորականներին մեղադրելը»,
- Մդինարաձեն նշել է, որ «2008 թվականի պատերազմի գործի հետաքննության թիրախները չեն լինելու ռազմական հրամանատարներն ու զինվորները»։
Հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 5-ին՝ եռամսյա ժամկետով, որին աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովում աշխատում է ութ մարդ.
- «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
- Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճռի» կայացումը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:
Մարտի 27-ին «Վրացական երազանք»-ն ընդլայնեց հանձնաժողովի լիազորությունները, և վերջինս այլևս չսահմանափակվեց ՄԱՇ-ի խնդրի քննարկմամբ։ Որոշվեց, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է մինչև 2024 թվականը ներառյալ իրադարձությունները:
Եվս մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք հրավիրվել էին հանձնաժողով, չէին ներկայացել, ինչի պատճառով էլ «Վրացական երազանք»-ի կառավարության օրոք նրանց սպառնում է ազատազրկում։ Նրանցից մի քանիսի նկատմամբ դատախազությունը գործ է հարուցել, իսկ դատարանը գրավ է կիրառել։ Նրանց թվում են Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Իրակլի Օքրուաշվիլին, Գիվի Թարգամաձեն և այլք։