Վրաստանի նախկին վարչապետ Գիորգիի Գախարիայի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը միայնակ կմասնակցի հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին։
Գախարիան կարծում է, որ «Վրացական երազանք»-ից շատերը կտեղափոխվեն իրենց կուսակցություն։
«Պարկեշտ անձանց առաջ, որոնք դեռևս այնտեղ են («Վրացական երազանք»-ում), մեր դռները բաց են»,- ասել է Գախարիան։
Այնուհանդերձ, Գախարիան չի բացառել հետագայում որևէ կուսակցության հետ միավորման հնարավորությունը. «Եթե որևէ բան փոխվի, դուք տեսնում եք, թե որքան դժվար կանխատեսելի է աշխարհը, իհարկե` մենք ունենք այնքան պատասխանատվություն, որ դրա մասին մեզանից իմանաք»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ համամասնական կարգով։ Ընտրության այս կարգի պարագայում ընտրատարածքը բազմամանդատ է լինում, և մանդատները կուսակցությունների միջև բաշխվում են իրենց ստացած ձայներին համապատասխան։ Համամասնական ընտրակարգի անսահմանափակ կիրառումը հաճախ հանգեցնում է մի իրավիճակի, որ նվազ ազդեցություն ունեցող փոքր կուսակցությունների ներկայացուցիչներ են հայտնվում խորհրդարանում: Միայն բարձր շեմի դեպքում խորհրդարան կարող են մտնել փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Առավել եւս, որ շեմից դուրս մնացած կուսակցությունների ստացած ձայները բաշխվում են հաղթող կուսակցություններին։ Ցանկալի է, որ ընտրական շեմը չանցնի 3-5 տոկոսը։ Ընդդիմությունը մտածում է, թե 5 տոկոս ընտրական շեմի պայմաններում ինչ անել` շեմին չհասած կուսակցություններին տրված ձայները չկորցնելու համար։ Ընդդիմության անդամները, այդ թվում` «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» նախագահ Գիորգի Վաշաձեն, ընդդիմադիր կուսակցություններին միավորվելու կոչ են արել։
Այս պահին միավորվածները.
- «Միացյալ ազգային շարժում» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի»,
- «Ախալի», «Գիրչի- առավել ազատություն», «Դրոա»,
- «Լելո», «Ազատության հրապարակ» և «Ժողովրդի համար»։