Երեկ՝ հուլիսի 17-ին, Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն նշել է, որ նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի հետ բանակցություններ չեն ընթանում միավորման շուրջ։
Խազարաձեն իր հայտարարությունում նշել է, որ առկա է չորս հարց, որոնց պատասխան տրվելուց հետո «Լելո» կուսակցությունը խորհրդակցություններ կսկսի, այդ թվում՝ կոալիցիայի ստեղծման շուրջ:
Նրա խոսքով, հիմնական քաղաքական հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք Գախարիան «Վրացական երազանք» կուսակցության հետ կոալիցիա կկազմի։
Խազարաձեն իր հայտարարությունում նաև նշել է, որ համախմբումը շատ կարևոր քայլ է, որը հաղթանակ կբերի հոկտեմբերի 26-ին. «Ուստի այս գործընթացը շարունակվելու է։ Մենք տարաբնույթ բանակցություններ ենք վարում, որպեսզի նախընտրական շրջանն սկսենք ավելի մեծ ճակատով, ավելի ամուր կեցվածքով, ավելի մեծ թիմով, և մեր քաղաքացիները դա կտեսնեն շատ շուտով»։
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։