Վրաստանի վարչապետ Գախարիան ելույթով է հանդես գալիս խորհրդարանում, ներկայացնում է կառավարության գործունեության տարեկան հաշվետվությունը:
Վարչապետի հաշվետվությանը զուգահեռ խորհրդարանի շենքի դիմաց «Գախարիայի 12 ստերը» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացնում «Փոխիր» (შეცვალე) շարժման ակտիվիստները: Մի քանի տասնյակ երիտասարդների ձեռքերին պաստառներ են Գախարիայի այն պնդումներով, որոնք նրանք կեղծ են համարում: Մեջբերված բոլոր պնդումները նախորդ տարվա հունիսի 20-21-ի հետ են կապված, երբ հակառուսական տրամադրությունները վերաճեցին բողոքի ցույցերի ու ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների, ապա հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցույցի ցրման: Ոստիկանությունն արցունքաբեր գազ, մահակներ ու ռետինե փամփուշտներ կիրառեց, 240 մարդ, այդ թվում 30 լրագրող հայտնվեց հիվանդանոցում, 2 ցուցարար կորցրեց աչքը: Այս դեպքերի ժամանակ Գախարիան զբաղեցնում էր երկրի Ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նա վարչապետ դարձավ 2019-ի սեպտեմբերին՝ չնայած այն հանգամանքին, որ գրեթե 3 ամիս տևած բազմահազարանոց ցույցերը Թբիլիսիում պահանջում էին նրա հրաժարականը ՆԳ նախարարի պաշտոնից:
«Հայտնի «Գավրիլովի գիշերվանից» հետո մի քանի օրվա ընթացքում ՆԳ նախարար Գախարիան 12 անգամ ստել է ուղիղ եթերում: Այդ պատճառով էլ այսօր «Փոխիր» շարժումն այլընտրանքային հաշվետվություն է ներկայացնում, որում Գախարիայի 12 ստերն են », —ասում են ակտիվիստները:
Պլատակտների վրա գրված է՝ «Ակցիայի մասնակիցները 4 անգամ զգուշացվել են», «Ցուցարարների վրա թիրախավորված չեն կրակել», «Գախարիան պատրաստ էր բանակցությունների», «Վրաստան մուտքը մերժելը անհնար էր» և այլն:
Խորհրդարանի մոտ ոստիկանական ուժեր են հավաքվել:
Խորհրդարանում ներկայացրած իր զեկույցում Գախարիան ներկայացրել է Վրաստանի կառավարության գործունեությունը, խոսել անվտանգության, տնտեսական զարգացման, կրթության, պետական կառավարման, սոցիալական ծրագրերի, և տարվա ամենակարևոր թեմայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին: