Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին:
Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց իրավունքը: Ինչ վերաբերում է համաչափ ուժ կիրառելուն, նախարարի խոսքով, կան որոշակի հարցեր և դրվագներ որոնք դեռ պետք է հետաքննվեն:
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ի գիշերը, սկզբից մինչև վերջ իմ պատասխանատվությունն է: Այս պատասխանատվությունից ես չեմ փախչում: Ինչպես նաև իմ պատասխանատվությունն է, այն ամենը ինչ մեր հանրությունում կատարվում է, երբ ժողովրդական դատարաններ ենք սարքում, դատում որոշ մարդկանց, այդ թվում ոստիկաններին»,- հայտարարել է Գախարիան:
Գախարիայի խոսքով, եթե միջադեպի ընթացքում եղել են համակարգային խախտումներ, նա պատրաստ է պատասխան կրել, սակայն թույլ չի տալու, որ իրավական պետության և ինստիտուտների փլուզում տեղի ունենա: ՆԳ նախարարի խոսքով՝ նա պաշտոնին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ ակցիան ցրելուն մասնակցած ոստիկաններից ոչ մեկն անարդարության զոհ չի դառնա:
Խոսելով ակցիան ցրելու ընթացքում կիրառված ռետինե փամփուշտների մասին, Գախարիան հայտարարել է, որ անթույլատրելի որևէ տեսակի փամփուշտ չի կիրառվել ակցիան ցրելու համար:
Ինչ վերաբերում է ՆԳ նախարարի՝ 8 օր հանրության առաջ դուրս չգալուն, Գախարիան պատասխանել է, որ չէր ուզում ավելորդ զայրույթ ու իրավիճակի թեժացում առաջացնել: