Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած «Հանուն Վրաստանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ըստ Վիեննայի լաբորատորիայի եզրակացության (FTC-Forensisch-Toxikologisches Labor in Austria)՝ Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում որևէ թմրանյութի օգտագործումը չի հաստատվել:
Նշվում է, որ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Վիեննայի (Ավստրիա) “FTC-Forensisch-Toxikologisches Labor” լաբորատորիան թմրանյութերի հայտնաբերման նպատակով Գիորգի Գախարիայի մազերի նմուշռաման միջոցով ուսումնադիրել է․
- Տետրահիդրոկանաբինոլ — (ներառյալ այսպես կոչված մարիխուանա)
- Կոկաին
- Ամֆետամին
- Մետամֆետամին
- MDEA
- MDMA
- Մեֆեդրոն
- Օփիոիդային խմբեր. Օփիոներ և հերոին
- Կոդեին
- Մորֆին
- Բուֆրենորֆին
- Դիհիդրոկոդեին
- Ֆենտանիլ
- Մեթադոն
- Տրամադոլ
- Բենզոդիազեպիններ
«Գիորգի Գախարիայի մազերի նմուշի հետազոտության արդյունքում վերը նշված դեղերից որևէ մեկի օգտագործումը չի հաստատվել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2021 թվականի սեպտեմբերի 28-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գախարիային հորդորել էին թմրանյութի թեստ հանձնել, իսկ վերջինս հրաժարվել էր դա անել Վրաստանում: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն սկանդալային հայտարարություն էր արել Գախարիայի՝ կոկաին կիրառելու հետ կապված: Այնուհետև Վրաստանի հանրային հեռուստատեսության դեբատների ընթացքում, թեմայի հետ կապված Թբիլիսիի քաղաքապետի «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն հերքել էր, որ այս հարցի շուրջ երբևէ հայտարարություն է արվել կուսակցության որևէ անդամի կողմից: