Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան այսօր ներկայացրեց իր նոր քաղաքական թիմը՝ «Վրաստանի համար» անվանմամբ, որով «Վրացական երազանքի» ամենահեղինակավոր վարչապետը պատրաստվում է պայքարել իր նախկին թիմի դեմ:
Գիորգի Գախարիան թիմի ներկայացման ընթացքում 23 անգամ կրկնեց՝ «բոլորս պետք է լավ հասկանանք» արտահայտությունը և խոսեց իր առաջիկա ծրագրերի մասին: Այսպիսով, ի՞նչ պետք է լավ հասկանանք ըստ նախկին վարչապետի.
1. Փետրվարի 18-ին Գիորգի Գախարիան լքեց Վրաստանի վարչապետի պաշտոնը. ինչու՞
Ես հրաժարական տվեցի, քանի որ կուսակցությունը հեռացավ մեր շարքային քաղաքացիների իրական խնդիրներից: Չգիտես ինչու որոշվեց, որ քաղաքական հակառակորդների հետ պայքարը ավելի կարևոր է քան շարքային քաղաքացիների ամենօրյա խնդիրների մասին հոգալը: Հրաժարական տվեցի, քանի որ 8 տարվա կառավարումից հետո իշխող կուսակցությունն իր ամենամեծ ձեռքբերումները համեմատում էր 10-15 տարվա իրականության հետ, ինչով մեր երկրին զրկում էր զարգացման հեռանկարից, — իր հրաժարականը այսպես պարզաբանեց նախկին վարչապետը:
2. Մեկ ամիս անց՝ մարտի 22-ին Գախարիան հայտարարեց՝ «քաղաքականությունից չեմ պատրասվում հեռանալ». ինչի՞ համար
Մեր գլխավոր նպատակն է, որ այս երկրում վերջ տանք արմատականությանը: Ինձ և իմ ընկերների համար բացարձակ էական չէ, թե որտեղից է գալիս այս արմատականությունը: Այսօր մեր գլխավոր խնդիրը թույլ ինստիտուտներն են, կոռուպցիան, նեպոտիզմը: Երկրի ամենագլխավոր խնդիրը արագ տնտեսական զարգացումն է — հայտարարել է Գախարիան, հավելելով, որ «Վրաստանի համար» կուսակցությունը մասնակցելու է բոլոր ընտրություններին:
3. Գախարիայի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո խոսվեց նրա «պրոյեկտ» լինելու մասին. ու՞մ պրոյեկտն է Գախարիան
Գախարիան այս հարցին այսօր հակիրճ է պատասխանել. «Երբեք որևէ մեկի պրոյեկտը չեմ եղել, առավել ևս ապագայում նույնպես չեմ լինելու»,- հայտարարել է Գախարիան:
4. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում չեն կարծում, որ իրենց նախկին թիմակիցը կարող է մեծ դեր ունենալ քաղաքականությունում. ի՞նչ է անհրաժեշտ վրացական քաղաքականությանը
Ինձ և Վրաստանի շատ քաղաքացիների համար ամբողջությամբ պարզ է, որ Վրաստանին անհրաժեշտ է թիմ, որը կարող է նայել ճշմարտության աչքերի մեջ, ճշմարտությունն ասել Վրաստանի քաղաքացիներին… մեզ մոտ տրված խոստումների համար պատասխանատվության հսկայական դեֆիցիտ կա: Ճշմարտություն և գործողություն, գործողություն և ճշմարտություն՝ սա է լինելու մեր թիմի կարգախոսը, — նշել է Գախարիան:
5. Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում վրացական ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում է Գախարիայի` Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում թեկնածության հարցը. կլինի՞ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու
Գախարիան լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշ շրջաններում կունենան թեկնածուներ, իսկ որոշներում՝ ոչ: Ինչ վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածությանը, նախկին վարչապետը նշել է, որ «ինձնից ավելի լավ թեկնածուներ կան»:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։