
«Վրաստանը և Ֆրանսիան բեղմնավոր հարաբերություններ ունեն բազմաթիվ ոլորտներում, և ես հուսով եմ, որ այդ համագործակցությունը կխորանա ձեր առաքելության ամբողջ ընթացքում», — ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Դիեգո Կոլայի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական-տնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև Վրաստանի առաջընթացը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում:
Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի զգալի աջակցությունը Վրաստանին՝ եվրոպական ինտեգրման գործընթացում, ներառյալ՝ Ասոցացման ու «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրերի հաջողությունը:
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը վերահաստատել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: