Գախարիան դեսպաններին կոչ է արել չմասնակցել խորհրդարանի առաջին նիստին

Ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կոչ է արել Վրաստանում հավատարմագրված դեսպաններին` չմասնակցել նոր խորհրդարանի առաջին նիստին և լեգիտիմություն չտալ նոր խորհրդարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի քաղաքացիների կարծիքով` ընտրությունները կեղծվել են։

Գիորգի Գախարիան այս հայտարարությունն արել է այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Ցանկանում եմ դիմել Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսին, առաջին հերթին` ԱՄՆ դեսպանին և ԵՄ անդամ երկրների դեսպաններին, խնդրում եմ պաշտպանել ընտրություններին Վրաստանի քաղաքացիների մասնակցության էությունն ու բովանդակությունը։

Այսօր Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքում են Վրաստանի փողոցներում գողացված ձայների և ընտրությունների արդյունքների դեմ, և մեր ռազմավարական գործընկերները, Եվրամիության ղեկավարներն ասում են, որ ընտրություններն օրինական համարելու համար անհրաժեշտ է լիարժեք և անկախ հետաքննություն»,- ասել է Գախարիան:

Ելնելով այս իրողությունից` Գախարիան կոչ է անում չմասնակցել 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին և դրանով իսկ պաշտպանել Վրաստանի քաղաքացիների կամքը, որպեսզի հաջորդ ընտրությունները նույնպես չգողանան։