Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախկին կուսակից, վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի հայտարարությանը, որում վերջինս իշխող կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, միլիարդատեր, նախկին վարչապետ, Բիձինա Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրում։
Կոբախիձեն Գախարիային դավաճան է անվանել, Գախարիային հիշեցրել կառավարությունում գտնվելու ընթացքում իրականացրած հատուկ գործողությունները, որոնք, ըստ Կոբախիձեի՝ վնաս են հասցրել թիմին։
Որպես այդպիսի օրինակ՝ Կոբախիձեն նշել է 2019 թվականի հունիսի 20-ի հանրահավաքի բռնի ցրումը։ Կոբախիձեի խոսքով, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ցույցը ցրելու ժամանակ հրահանգներ է ստացել գործող օմբուդսմեն Նինո Լոմջարիայից։
Գախարիայի դեմ մեղադրանքները թվարկելուց հետո Կոբախիձեն ասել է, որ այս փաստերից ոչ մեկը հարց ու պատասխան չի պահանջում։ Նրա խոսքով, Գախարիայի դավաճան լինելու փաստն ուղղակի աքսիոմատիկ ճշմարտություն է։
«Փառք Աստծո, այսօր Վրաստանը շատ ավելի անկախ ու ինքնիշխան է, ինչը թույլ է տալիս, որ նման մարդիկ այլևս չզբաղեցնեն նախարարի ու վարչապետի պաշտոնները։ Ըստ այդմ՝ խորհուրդ ենք տալիս Գիորգի Գախարիային շատ չներքաշվել բանավեճերի մեջ…»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, այն, որ «Գախարիան Բիձինա Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրել 5 բառանոց անեկդոտ է»:
Ի դեպ, Գախարիան Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրում։ Գախարիան ասել է՝ իր հրաժարականի առաջին իսկ օրվանից Իվանիշվիլին հստակ գիտեր, որ իրենց ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել: Ըստ նրա՝ Իվանիշվիլին հստակ գիտեր, որովհետև ամենից լավ և մանրամասն տեղյակ էր իր հրաժարականի պատճառների մասին:
Գախարիան վարչապետի պաշտոնը լքել է 2021 թվականի փետրվարի 18-ին։ Հրաժարականի ժամանակ նա հայտարարել էր, որ չի կարող համաձայնության գալ «Վրացական երազանք» թիմի հետ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության այն ժամանակվա առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալության հարցում։ Նրա խոսքով, ինքը չի համաձայնել Մելիայի ձերբակալությանը, քանի որ դա երկրում ապակայունացման վտանգ կստեղծեր։
Իվանիշվիլին դեկտեմբերի 30-ին «Վրացական երազանք»-ի համագումարում ընտրվել է կուսակցության պատվավոր նախագահ և հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին: