Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել Ազգային բանկին՝ գների կայունության համար օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները: Նման հայտարարություն Գախարիան արել է կառավարության այսօրվա նիստում:
«Ուզում եմ դիմել Ազգային բանկին՝ ակտիվորեն օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները՝ գների կայունության և գնաճի թիրախավորման ապահովման համար:
Բոլորս հասկանում ենք, որ պետք է աշխատենք Ազգային բանկի հետ համատեղ` ապահովելու ինչպես կառավարության կողմից տնտեսական աճը, այնպես էլ գնաճի նախնական պլանները, որոնք նախատեսել էինք այս տարվա սկզբին և գների կայունությունը: Սա է մեր հիմնական խնդիրը: Իհարկե, կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, բայց նաև կոչ ենք անում Ազգային բանկին ձեռնարկել իր իրավասության շրջանակներում առկա բոլոր քայլերը», — ասել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք՝ նախորդ ամիս հրապարակված վիճակագրության համաձայն՝ Վրաստանում լայն սպառման մթերքի և այլ ապրանքի գները մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ վերջին մեկ տարում հացի գինն ավելացել է 11 տոկոսով։