Գախարիան աջակցում է նախագահի նախաձեռնությանը

«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան աջակցում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ քաղաքական կուսակցությունների միջև երկխոսության և հաշտեցման գործընթաց սկսելու նախաձեռնությանը։ Նա այս մասին հայտնել է պատրիարքարան կատարած այցից հետո, որտեղ եկել էր շնորհավորելու Իլյա 2-րդի հոբելյանը։

«Նախագահը մեծ բեռ է վերցրել իր ուսերին, և մենք բոլորս պետք է շնորհակալություն հայտնենք նրան, դա շատ կարևոր է մեր երկրի համար։ 

Ինչ վերաբերում է հաշտեցմանը, ես միշտ ասել եմ, որ արմատականացումն ու բևեռացումն այն է, ինչը երկրին չի թողնում զարգանալ բոլորս պետք է փորձենք ներդրում ունենալ նախագահի նախաձեռնության մեջ, գործի դնելով մեր ունեցած բոլոր հնարավորությունները» — նշել է Գախարիան։

Նա հավելել է, որ հացադուլը բողոքի ձև է, որը լավ արդյունք չի ունենա մեր երկրի համար։

Հիշեցնենք, որ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է առաջնորդել համազգային երկխոսության և քաղաքական կուսակցությունների միջև հաշտեցման գործընթացը։ Երկրում տիրող լարվածությունը թուլացնելու նպատակով նա հյուրընկալում է տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներին, նախաձեռնել է նաև ամանորյա միջոցառում, որին որոշ կուսակցություններ մասնակցել են, իսկ որոշները՝ ոչ։

Տաթև Խոցանյան «Ալիք մեդիայի» ստաժոր