Այսօր՝ հուլիսի 3-ին, Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց կայացավ բողոքի թվով 14-րդ ցույցը: Ցուցարարների պահանջը շարունակում է մնալ նույնը՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ցույցի կազմակերպիչները հայտարարել են՝ հաջորդ ցույցը կկայանա վաղը, ձևաչափը՝ համերգ: Ելույթ կունենան սիրված երգիչներն ու երաժշտական խմբերը:
Ցուցարարները հայտարարել են՝ չեն դադարեցնելու ամենօրյա ցույցերը, քանի դեռ բոլոր պահանջները բավարարված չեն: Հիշեցնենք, որ մնացած երկու պահանջը բավարարված է՝ համամասնական ընտրությունները 2020 թվականից և հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ցուցարարներին ցրելու ժամանակ ձերբակալվածներին ազատ արձակելը:
Այսօր՝ հուլիսի 3-ին ցույցին միացել է նաև Բաթումին: Ծովափնյա Բաթումիում ցուցադրվել են վրացի բանաստեղծների՝ մեկ աչքը հանած նկարները, վրան գրված ՝ «20 տոկոսն օկուպացված է»: «Գախարիա, նամուսն էլ լավ բան է», «Գախարիա, գնա՛» «Նա, ով չի պայքարում, չի կարող հաղթել» այս գրություններով պաստառներ են ներկայացրել Բաթումիի ցուցարարները:
Թվով 15-րդ ցույցը կմեկնարկի հուլիսի 4-ին, Ռուսթավելիի պողոտայում, ժամը 19:00-ին: