Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պարտավորվում է 2019 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած «Գավրիլովի գիշեր» անունը ստացած հայտնի ակցիաների ժամանակ տուժած խաղաղ ցուցարարին հատկացնել վնասի փոխհատուցում։ Տեղեկությունը տարածում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA)՝ հիմնվելով Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմա վրա։
GYLA-ն նշել է, որ հանրահավաքի ընթացքում ցույցի մասնակիցը փորձել է օգնություն ցուցաբերել արցունքաբեր գազից տուժած մեկ այլ ցուցարարի, որի ընթացքում աջ աչքի հատվածում ռետինե փամփուշտից հարված է ստացել։
Փորձագետների եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ ստացած վնասվածքի պատճառով տուժողի ընդհանուր աշխատունակությունը 15-20 տոկոսով նվազել է։
GYLA-ն նշել է՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը գործի չորս տարվա վերանայումից հետո ընդունել է որոշում, որով Վրաստանի ՆԳՆ-ին պարտավորեցրել է տուժող կողմին փոխհատուցել 50 հազար լարի բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ ոչ աշխատունակության համար 1440 լարի մշտական նպաստ՝ մինչև կյանքի վերջ։
GYLA-ն գտնում է, որ այս գործով Վրաստանի քաղաքային դատարանի կայացրած որոշումը կարևոր է, քանի որ մի կողմից հաստատված է պետության կողմից տուժող կողմին ուժի ապօրինի և անհամաչափ կիրառման փաստը, մյուս կողմից՝ վրացական դատարանի աշխատանքում հազվադեպ են վերոնշյալ չափով բարոյական վնասի փոխհատուցման դեպքերը:
2019 թվականի հունիսին Վրաստանում կայացած «Ուղղափառության միջազգային ասամբլեայի» նստաշրջանի ընթացքում խորհրդարանի նախագահի աթոռը զբաղեցրել էր ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը՝ առաջ բերելով հասարակական ընդվզում․ հազարավոր քաղաքացիներ էին փողոց դուրս եկել։ Իրավապահները հանրահավաքի մասնակիցներին, սակայն, ուժով ցրել էին։
2019 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում և դրա հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, տուժել է 240 մարդ։ Նրանց թվում՝ ավելի քան 30 լրագրող։ Ռետինե փամփուշտներից ստացված վնասվածքներից երկու հոգի կորցրել են աչքը։ Հանրահավաքի ևս մի քանի մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել աչքերի և գլխի շրջանում։ Մոտ 80 իրավապահ տեղափոխվել է կլինիկա։