Ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը պատրաստվում են նշել հունիսի 20-ի իրադարձությունների մեկ տարին:
2019 թվականի հունիսի 20֊ին Գավրիլովի այցով պայմանավորված հակառուսական տրամադրությունների նոր ալիքը Թբիլիսիում վերաճեց հակակառավարական հանրահավաքի, որն ավարտվեց ՝ իրավապահների կողմից ցույցի ցրմամբ։ Տուժել էր 240 մարդ, որոնցից 80-ը՝ իրավապահ, 30-ը՝ լրագրող, օպերատոր ու լուսանկարիչ: Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է անհամաչափ ուժի կիրառման մեջ ու պահանջում պատժել մեղավորներին։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին ասում է. «Ամենացավալին այն է, որ մեկ տարի անց նույնիսկ վնասվածքներ ստացածները տուժածի կարգավիճակ չեն ստացել»: Նա նշել է, որ համաճարակի պատճառով հատուկ չեն պատրաստվել ակցիային, այլ ցանկացողներն ընդամենը խորհրդանշական ներկայություն են ապահովելու Ռուսթավելիում՝ այս կերպ ևս մեկ անգամ արտահայտելու իրենց վերաբերմունքը նախորդ տարվա հունիսի 20-ի իրադարձություններին:
Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ չի խոչընդոտելու ընդդիմության հավաքին, որ տեղի կունենա շաբաթ օրը՝ հունիսի 20-ին քաղաքի կենտրոնում: Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլին ասել է, որ ցուցարարներն իրավունք կունենան խաղաղ արտահայտել իրենց վերաբերմունքը։ Նա, միաժամանակ հույս է հայտնել, որ ակցիան դուրս չի գա օրենքի շրջանակներից:
Ավելի վաղ վարչապետ Գախարիան ծիծաղելի էր որակել լուրերն այն մասին, թե իշխանությունը կորոնավիրուսի փաստն օգտագործելու է՝ Թբիլիսիի մուտքերը փակելու և այս կերպ հավաքի անցկացումը խոչնդոտելու համար: Գախարիան վստահեցրել էր, որ բնակիչների ազատ կամարտահայտմանը ոչինչ չի խանգարելու:
Ակցիային մասնակցելու նպատակ ունի ընդդիմադիր մոտ 30 կուսակցություն:
Այս թեմայով՝ արխիվից