Գենդերային հավասարություն, կանանց և երեխաների իրավունքներ, վաղ ամուսնություն, ընտանեկան բռնություն ու վերարտադրողականություն. «Գանձ» նորաբաց հայալեզու հարթակում տեղադրվող հրապարակումների առաջնահերթային թեմաներն են, որտեղ յուրաքանչյուրն ունի բլոգեր դառնալու, իր մտքերն արտահայտելու և խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն:
Վրաստանի «Սափարի» իրավապաշտպան կազմակերպությունը 2016-2018 թթ․ հետազոտության, հանդիպումների արդյունքում բացահայտել է, որ էթնիկ ադրբեջանցի երիտասարդների խնդիրները շատ են՝ վաղ ամուսնություն, կրթության պակաս և այլն, ինչի արդյունքում հիմնել են «Փանջարա» ադրբեջանա-վրացալեզու հարթակը: Հարթակն այս փուլում հայտնի է շատերին, այն հնարավորություն է տվել ադրբեջանական համայնքի երիտասարդներին բարձրացնել շատ խնդիրներ, խոսել դրանց մասին, իսկ վերջերս հարթակի բլոգերներից մեկը դարձավ կին իրավապաշտպան Կատո Միքելաձեի անվան մրցանակի դափնեկիր:
Հենց այս դրական փորձն է դրդել «Սափարի» կազմակերպությանը ստեղծել հարթակի հայալեզու տարբերակը՝ «Գանձ» հարթակը: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում «Սափարի» կազմակերպության մենեջեր Նաթիա Գվրիտիշվիլին ասում է՝ այս հարթակում ցանկացած մարդ կարող է հրապարակել իր մտքերն ու հոնորար ստանալ.
«Ցանկացողները վերոնշյալ թեմաների շուրջ կարող են պատրաստել նյութեր՝ բլոգ-գրառումներ, հոդվածներ, տարբեր պոստերներ և ուղարկել դրանք որպես հաղորդագրություն: Մենք կտեսնենք ներկայացված նյութերն ու կհրապարակենք էջում, ինչի համար վերջիններս համապատասխան հոնորար կստանան: Բացի այս, «Գանձ»-ն անդրադառնում է երկրի համար կարևոր թեմաների, այդ թվում՝ պանդեմիային», — ասում է Գվրիտիշվիլին:
Նախագծի բլոգերներից, ԹՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Լիլիթ Կարապետյանը պատմում է նախագծի շրջանակներում իր գործունեության մասին.
«Գանձ»-ը «Սափարի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ համագործակցությամբ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Հենց «Սափարիի» միջոցով իմացա, որ պատրաստվում են հիմնել հարթակ, որի հիմնական նպատակն է ժամանակակից և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Սամցխե-Ջավախքի էթնիկ հայ բնակչությանը ինչպես վրացերեն, այնպես էլ մայրենի լեզվով: Շատ մեծ բախտ ունեմ, որ ինձ հնարավորություն տրվեց աշխատել այս մեծ գործի շուրջ։ Այս ընթացքում գրել եմ՝ «ընտանիքում երեխայի ու ծնողների հարաբերության», «կանանց իրավունքների», «Covid-19»-ի մասին»:
Լիլիթն ասում է՝ «Գանձն» իրեն հնարավորություն է տվել օգնել, տեղեկություն տրամադրել իր ինչպես հայ, այնպես էլ՝ վրացի համաքաղաքացիներին.
«Իմ համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել տեղեկություն ստանալ մայրենի լեզվով, որպեսզի նրանք չդառնան ապատեղեկատվության զոհ, խոսել մայրենի լեզվով իրենց անհանգստացնող թեմաների շուրջ, արտահայտել կարծիք»:
Հարթակը երկլեզու է, նյութերը հրապարակվում են և՛ հայերեն, և՛ վրացերեն լեզուներով: