Այսօր՝ հուլիսի 21-ին, հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրում՝ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, 58-րդ անգամ նշվեց մեծ քնարերգուին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։
Տոնական օրը սկիզբ առավ սբ․ Կարապետ եկեղեցում ՝ սբ․ պատարագի մատուցմամբ, որին հաջորդեց այցը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ջանքերով վերանորոգված Վահան Տերյանի տուն-թանգարան: Օրը նշանավորվեց նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակութային կենտրոնի կազմակերպմամբ կայացած համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես եկան երաժշտական ու պարային համույթներ և անհատ կատարողներ։
Տոնակատարությանը ներկա էին Սամցխե-Ջավախեթիի շրջանում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից։
Նշենք, որ Գանձայում Տերյանական օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիս ամսվա նախավերջին կիրակի օրը։
Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան