Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն պարզաբանել է կոնկրետ անձանց «կանաչ անձնագրեր» տրամադրելու վերաբերյալ իր հայտարարությունը։
Ինչպես Գամկղրելիձեն է հայտնել, «կանաչ անձնագրեր» չեն տրվի նրանց, ովքեր գտնվել են ընտանեկան բժշկի հսկողության տակ և թեստ չեն հանձնել, այլ կտրվեն նրանց, ովքեր թեստավորվել են, սակայն տարբեր պատճառներով թեստի արդյունքները չեն արտացոլվել տվյալների բազայում:
Նշենք, որ այս հարցը նշված է եղել նաև առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի՝ հունվարի 11-ի հրամանում, ըստ որի` Տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալությանը հանձնարարվել է ապահովել վերոնշյալ անձանց նույնականացումը և տվյալների բազայում նրանց գրանցել, որպես կորոնավիրուս հաղթահարածներ։
Հիշեցնենք, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ կորոնավիրուսից բուժված կհամարվեն և «կանաչ անձնագիր» կստանան այն քաղաքացիները, որոնք չնայած ախտանշաններին՝թեստ չեն հանձնել, բայց ընտանեկան բժշկի հսկողության տակ են գտնվել։