
«Գալիս է ժողովրդի գարունը». այս խորագրով մարտի 31-ի ժամը 20:00-ին Վրաստանի խորհրդարանի մոտ ցույց է նախատեսվում:
Ցույցի կազմակերպիչները նշել են՝ երկար ու ցուրտ գիշերներից, անվերջանալի սառնամանիքներից ու հոգնածությունից հետո, երբ շուրջբոլորը դեռ մութ է, հենց այդ ժամանակ է գալիս գարունը։
Ըստ նրանց՝ նույն օրը ժամը 21:00-ին Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կդիմի հանրությանը։
«Եվ այն ամենը, ինչ մինչ այժմ ուժ էր հավաքում, սկսում է արթնանալ։ Կյանքը բարձրանում է գետնից վեր, բոլոր գույները, որոնք նախկինում տեսանելի չէին, փայլում են օրվա լույսի ներքո: Մութը նահանջում է։ Լույսը զբաղեցնում է իր արժանի տեղը։ Եվ գարունը գալիս է նաև մեր փողոց։ Ժողովրդի գարունը գալիս է նոր կյանքով, նոր ուժով», — գրել են կազմակերպիչները` վրաց ժողովրդին կոչ անելով հավաքվել Ռուսթավելիի պողոտայում։
Նշենք, որ Զուրաբիշվիլին մարտի 10-ին հանդիպել էր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «համատեղ կոորդինացիոն ճակատի» ստեղծման ու մարտի 31-ին ցույց անցկացնելու հարցերը: